Լուրեր
«Խոստումներից` գործի». Սեուլում ընդգծել են միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը
26.03.2012
Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովի մասնակից պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները Սեուլում մարտի 26-ին աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են Վաշինգտոնի 2010թ. գագաթնաժողովից հետո գրանցված առաջընթացը:
Ընդգծվել է Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովների կարեւորությունը` ոլորտում քայլերի համակարգման, համադրման ու միջուկային ահաբակչության դեմ պայքարում համատեղ գործելու անհրաժեշտության ըմբռնման ուղղությամբ: «Խոստումներից անցում գործի. անցած երկու տարում նշանակալի աշխատանք է կատարվել»,-արձանագրել են համաշխարհային առաջնորդներն պաշտոնական ճաշի ընթացքում:
Գագաթնաժողովին մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել պատվիրակությունների պաշտոնական ընդունելության արարողությունը:
Մարտի 27-ին կանցկացվեն գագաթնաժողովի լիագումար աշխատանքային նիստերը` «Միջուկային անվտանգության ամրապնդման գործում միջազգային համագործակցությունն ու ազգային միջոցները» խորագրով: Ծրագրված է հավաքը նախագահողի մամուլի ասուլիսը:
Գագաթաժողովին մասնակցում են 53 երկրների եւ չորս միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: