Լուրեր

Էրդողանը Օբամային խնդրել է կանխել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը

26.03.2012

Թուրքիայի վարչապետ Ռոջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում միջուկային անվտանգության խնդիրներին վերաբերող գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ 1 ժամ 45 րոպե տեւած առանձնազրույցից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Սիրիայի, Իրանի, Իրաքի, Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված հարցեր:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման նոր օրինագծի թեմային` Էրդողանը Օբամային խնդրել է «քաղաքական գործիչներին պատմաբաններ չդարձնել»: «Անկախ նրանից` իշխանության կգան հանրապետականները, թե դեմոկրատները, նույն իրավիճակն է ստեղծվում: Այդ օրինագծերը չպետք է Կոնգրեսում հայտնվեն ամեն տարվա ապրիլի նախօրեին», -ասել է նա Օբամային:
Էրդողանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված` ինքն Օբամային ասել է, որ խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի` 20 տարի տեւող միջնորդական աշխատանքն արդյունք չի տվել եւ Թուրքիան պատրաստ է այդ հարցում անել իրենից կախված ամեն բան, եթե անհրաժեշտություն ծագի ազդել Ադրբեջանի վրա: 

← Վերադառնալ ցուցակին