Լուրեր

Մայր Աթոռում նշել են Քարոզչական կենտրոնի միամյակը

26.03.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հանդիսություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի գործունեության մեկ ամյակի կապակցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից տեղեկացրին, որ հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, կենտրոնի անդամները, բազմաթիվ հյուրեր տարբեր կրթական հաստատություններից ու երիտասարդական կազմակերպություններից: Արարողության սկզբում խոսքով հանդես է եկել Քարոզչական կենտրոնի պատասխանատու Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը: Համառոտ անդրադառնալով կենտրոնի գործունեությանը և նրա շուրջ համախմբված երիտասարդությանը` Հայր Սուրբը մասնավորապես ընդգծել է, որ խմբի նպատակն ուղղված է Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Հանդիսության ընթացքում երաժշտական համարներով ու անհատական ասմունքով հանդես են եկել կենտրոնի անդամները, որից հետո մի շարք երիտասարդներ նվերների են արժանացել Վեհափառ Հայրապետի կողմից ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ներկաները դիտել են նաև կենտրոնի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Արարողությանը ներկա բարձրաստիճան հոգևորականներից Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Վիլյամ քահանա Թեյլորն իրենց տպավորություններն են արտահայտել կենտրոնի գործունեության առիթով` բարձր գնահատելով երիտասարդների անձնվեր մասնակցությունն ու աջակցությունը Եկեղեցու առաքելությանը:
Հանդիսության ավարտին կենտրոնի անդամներին իր գնահատանքն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ կենտրոնի մեջ ընդգրկվածները ջանում են տերունական պատգամներին համապատասխան ապրել և օգտակարություն բերել բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն Աստծու խոսքով մխիթարվելու, ովքեր կարիք ունեն Քրիստոսի Ավետարանով զորանալու, ներշնչվելու` հույսով ու լավատեսությամբ նայելու իրենց կյանքի ապագա ընթացքին: Նորին Սրբությունը նաև իր մասնավոր գնահատանքը բերեց քարոզչական կենտրոնի պատասխանատու Հայր Թովմային` խմբի աշխատանքներն արդյունավետ կերպով կազմակերպելու և ուղղորդելու համար, ապա հաջողություն մաղթեց կենտրոնի գործունեությանը` հայցելով Տիրոջ օրհնությունը, որպեսզի տարեց տարի այս կառույցն առավել հզորանա և նորանոր ոլորտներ ընդգրկի իր առաքելության մեջ: 

← Վերադառնալ ցուցակին