Լուրեր

Հայաստանի դերակատարությունն աճել է

26.03.2012

«ՀՀԿ-ն վերջին 4-5 տարի ընթացքում մեծ փոփոխությունների հիմք է դրել, մեծ ներդրում ունեցել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող փոփոխություններում: Առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կշարունակենք մեր նախաձեռնած բարեփոխումները՝ միաժամանակ սկիզբ դնելով նոր զարգացման ծրագրերին»,- պատասխանելով այն հարցին, թե հաղթանակի դեպքում ի՞նչ հիմնական խնդիր է լուծելու ՀՀԿ-ն՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մարտին Սարգսյանը:
Հարցին, թե ներկայումս էլ առկա են մեծ թվով չլուծված խնդիրներ, պատգամավորը նշեց, թե վերջին տարիները բավականին բարդ տարիներ էին, և ՀՀԿ-ն որպես պատասխանատու ուժ մեծ ջանքեր է գործադրել ֆինանսա-տնտեսական չգնաժամի հետևանքների չեզոքացման ու նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:
«Ճգնաժամը մեծ հարված հասցրեց բոլոր երկրներին, մեծ թվով երկրներում սոցիալական ծախսերը կրճատվեցին, բյուջետային աշխատողների աշխատավարձերը ոչ միայն ուշացվում էին, այլ նվազեցվում, սակայն ի տարբերություն այլ երկրների, մենք նման քայլերի չգնացինք, ավելին, թոշակներն ու սոցիալական նպաստները բարձրացվեցին»,- հիշեցրեց նա:
Նրա խոսքերով, նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի դերակատարությունն էապես աճել է՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ հարցում դրսևորվող սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման շնորհիվ: 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին