Լուրեր

Հիշատակի տուրք պանթեոնում

25.03.2012

Հինգ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը, ով թողեց քաղաքական գործունեության և երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից դեռ շատ բան կսովորեն ներկա և գալիք սերունդները:
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության և Հանրապետական կուսակցության ակտիվի ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ա. Մարգարյանի շիրիմին:
Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում:
Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր:
1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

← Վերադառնալ ցուցակին