Լուրեր

Գերմանիայում, Դանիայում եւ ԱՄՆ-ում հայկական հնատիպ գրքեր կցուցադրվեն

25.03.2012

Հայ տպագրության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում ապրիլ ամսին Գերմանիայի Դաշնությունում, Դանիայում եւ ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին եւ գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ: Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի Kunstforum սրահում կբացվի «Տառարվեստ եւ պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատություններում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաեւ ցուցանմուշներ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Ապրիլի 17-ին Կոպենհագենի Black Diamond թագավորական գրադարանում կբացվի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Դանիայում ՀՀ դեսպանությունը եւ Կոպենհագենի թագավորական գրադարանը: Կներկայացվեն Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող հայատառ եւ Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրությունը կհարստացվի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուից եւս: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի համերգային ծրագիր:
Ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ` կբացվի «Իմանալ հայ գրականության ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդեսը: 

← Վերադառնալ ցուցակին