Լուրեր
Ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի դպրոցականներն այցելել են «Չարենցի կամար»
25.03.2012
Երջանկահիշատակ վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի, մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ տարբեր դասարանների աշակերտներ ի նշան հարգանքի նախ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ապա «Չարենցի կամար» հուշարձան:
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կենդանության օրոք հաճախ է այցելել հուշարձան ` խոստովանելով, որ «Չարենցի կամարը» Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղից իր ամբողջ հմայքով բացվում է Արարատ լեռան պատկերը, ինչն իր համար առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ է ունեցելի: Ընկերների հետ հուշարձան այցելելիս արմատներով մշեցի Անդրանիկ Մարգարյանը հաճախ է կրկնել, որ Արարատ լեռը հենց այն ուժն է, որը յուրաքանչյուր հայի ակամայից ստիպում է երբեք չմոռանալ Էրգրի մասին ու ապրել և գործել այն հաստատակամությամբ, որ մի օր վերադառնալու ենք Էրգիր: «Չարենցի կամարի» հետ կապված մի սովորույթ էլ են հիշում վաղամեռիկ վարչապետի մտերիմները. մշտապես բազմազբաղ վարաչապետը, ում դժվար է հիշել իրեն հատկացված ժամանակը իր անձի համար տնօրինելիս, այդ սուղ ժամանակից անգամ միշտ կարողացել է հատկացնել նաև երեխաներին: Ընդ որում, ոչ միայն իր ամենափոքրին` Հայկանուշին, այլ նաև նրա բակի ու դպրոցի հասակակիցներին: Հենց նրանց հետ ամեն անգամ այցելում էր «Չարենցի կամար» ու նրանց իսկ շուրթերից հերթական անգամ լսում մեծն Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»:
Այսօր, երբ արդեն 5 տարի է, ինչ Անդրանիկ Մարգարյանը մեզ հետ չէ, նրա այս սովորույթն այնուամենայնիվ շարունակվում է: Այսօր էլ դպրոցականները «Չարենցի կամարում» ասմունքել են «Ես իմ անուշ Հայաստանին» ու այդպիսով իրենց հագանքի տուրքը մատուցել մեծ հայ, իրապես ազգի նվիրյալ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Դպրոցականները ընթերցել են նաև պատառիկներ Անդրանիկ Մարգարյանի հուշերից: