Լուրեր
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ
25.03.2012
ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Մինսկի խմբի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, որով հայկական կողմի գնահատականն է հնչեցնում վերջինիս գործունեության նկատմամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձևավորվեց Մինսկի խումբը և նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Մինսկի խմբի համանախագահությունն՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի, միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է:
Մինսկի խմբի համանախագահները կարևոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջև բանակցությունների շարունակման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում: Համանախագահները արդյունավետ համագործակցում են հրադադարի պահպանման գործում ևս կարևոր դերակատարություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Եռանախագահների ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների և տարրերի ամբողջությունը, որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար և որոնք արտացոլվեցին Նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից Մեծ Ութնյակի լ’Աքվիլայի, Մուսկոկայի և Դովիլի գագաթաժողովների շրջանակներում կատարված համատեղ հայտարարություններում:
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցություն վայելող Ռուսաստանի Նախագահի հետևողական ջանքերը, որոնք ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին: Սակայն, չնայած միջազգային հանրության ակնկալիքներին և Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, Նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ Կազանում կազմակերպված հանդիպումը բեկումնային չեղավ:
Եթե մինչ այսօր չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդ ուղղությամբ պակաս ջանքեր են գործադրվել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների կողմից արվող առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ:
Հայաստանը, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի, կողմից գործադրվող շարունակական և հետևողական ջանքերը և համոզված է, որ հենց այս ձևաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: