Լուրեր

Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը ստորագրել են 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը

24.03.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար` նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, հատկանշելով տնտեսական-քաղաքական երկկողմ հարաբերությունների աճը, վերահաստատել է, որ չինական կողմը պատրաստակամ է ամրապնդել ու զարգացնել հարաբերությունները, և հավելել, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: <<Չինաստանի և Հայաստանի ղեկավարների լավ հարաբերությունները ապահովում ու ամրապնդում են երկու երկրների փոխհարաբերությունները>>,- նշել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը: Բացի տնտեսական հարաբերություններից, չինական կողմը ակնկալում է նաև մշակութային հարաբերությունների զարգացում:<<Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում նպաստել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայ-չինական մշակութային կապերի ընդլայնմանը>>,- նշել է քաղաքապետը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երևան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:

Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. <<Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երևան համայնքի համար: Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայնքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրանսպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու>>:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները մարտի 24-ին ուղևորներին կսպասարկեն անվճար: 

← Վերադառնալ ցուցակին