Լուրեր

Չինական նոր ավտոբուսներն այսօրվանից կսպասարկեն երեվանցիներին

24.03.2012

Մարտի 24-ին Հանրապետության հրապարակից մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրանսպորտի երթուղիներ դուրս եկան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված ավտոբուսների առաջին փուլով նախատեսված խմբաքանակը: Ավտոբուսները Երևան են ներկրվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Ավտոբուսների երթուղիներ մտնելու Հանրապետության հրապարակում կազմակերպված պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մին Վենի հետ միասին, որպես առաջին ուղևորներ շրջել ու ծանոթացել են ավտոբուսներում ուղևորների համար առկա հարմարություններին և գնահատել ավտոբուսի հնարավորությունները:
Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով <<Հայեր-բաս>> մակնիշի ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության համակարգերով: Երևաի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրապետության նախագահին զեկուցել է, որ նախատեսվում է նոր ավտոբուսների մի մասը մինչև տարեվերջ կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Հանրապետության նախագահի հետ կարճ շրջայցից հետո Երևանի քաղաքապետը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կիսվելով իր տպավորություններով, նշել է, որ ավտոբուսները հարմարավետ են ինչպես քաղաքացիների սպասարկման տեսանկյունից, այնպես էլ մայրաքաղաքի երթևեկության համար:
<<Հուսով եմ` երևանցիները սիրով կօգտվեն այս ավտոբուսներից և խնամքով կվերաբերվեն, որպեսզի դրանք երկար ծառայեն մեր քաղաքին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն արդեն երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներից մեկին մայրաքաղաքի կանգառներից մեկում դիմավորել է նաև որպես ուղևոր և մեկ անգամ էլ շրջել ավտոբուսով` ուղևորների հետ, գնահատելու առկա հարմարություններն ու լսելու երևանցիների կարծիքները:
Տարոն Մարգարյանի հանձնարարականով նոր ավտոբուսներն առաջին օրը կսպասարկեն անվճար: 

← Վերադառնալ ցուցակին