Լուրեր

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով

23.03.2012

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին շվեյցարական RTS ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Շվեյցարիայի դաշնային խորհրդական, էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամմանը, ով գտնվում է Ստամբուլում թուրք-շվեյցարական տնտեսական հարաբերությունների աշխուժացումը նախաձեռնելու նպատակով:
«Մեզ խանգարում է Թուրքիայի պատմությունը: 20-րդ դարի սկզբին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է շարունակի աշխատել այս հարցի շուրջ»,- ասել է Շնայդերը:
Լրագրողի այն հարցին, թե, արդյոք, Ստամբուլում բացահայտ կերպով «ցեղասպանություն» բառի օգտագործումը չի զայրացրել իր թուրք գործընկերներին` Շնայդերը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այստեղ զայրույթի հարց կա: Մեր գործարարներին ևս խանգարում են այս քաղաքական խնդիրները, ուստի Թուրքիան պետք է դրանք լուծի»:
Թուրք-շվեյցարական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվել 2003 թ-ին, երբ Շվեյցրաիայի դաշնային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2009 թ-ին Շվեյցրաիան միջնորդական առաքելությամբ հանդես եկավ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով, ինչի արդյունքում նույն տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:
Հայաստանը և Թուրքիան, սակայն, չեն վավերացրել այդ արձանագրությունները` Թուրքիայից հնչած «անընդունելի նախապայմանների» պատճառով:


armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին