Լուրեր

ԱՄՆ-ը ողջունում է արժանահավատ ընտրությունների անցկացման Հայաստանի իշխանությունների կամքը

23.03.2012

Հայաստանում նախընտրական շրջանում առկա է առաջընթաց: Այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Նախընտրական գործընթացներն ընթանում են նորմալ հունով, որում իրենց դերն ունեն և իշխանությունները, և ընդդիմությունը: Այդ տեսակետից կարևորում ենք հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծումը»,- ասաց դեսպանը:
Հեֆֆերնի խոսքով՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը կօգնի Հայաստանին միջազգային ասպարեզում դիրքն ամրապնդելու գործում: Դեսպանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ինչպես վերջին 20 տարիներին, այնպես էլ առաջիկայում պատրաստ է օժանդակելու երկրին ժողովրդավարության զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներում:
«Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ ու նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ»,-ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 6-ին: Համամասնական 90 մանդատի համար առաջադրվել են քաղաքական ինը ուժեր, մեծամասնական 41 տեղի համար կպայքարեն 180 թեկնածուներ: 

← Վերադառնալ ցուցակին