Լուրեր
Սամվել Նիկոյանը համարում է, որ խորհրդարանում էթիկայի կանոնները շատ լավ պահպանվում են
22.03.2012
Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող է ստանալ ավելի սուր և անցանկալի բնույթ, նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ-ում իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև համագործակցությանը:
«Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ես նորմալ եմ գնահատում` անկախ նրանից, որ կարող է ինչ-որ ժամանակ ստիպված լինենք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել: Դա խորհրդարանին հարիր աշխատաոճ է: Ուրիշ խորհրդարաններում այլ մոտեցումներ կան` բանը հասնում է ծեծկռտուքի, հայհոյանքների և այլն»,- ասաց օրենսդրի ղեկավարը:
Նիկոյանի ներկայացմամբ` եթե նույնիսկ խորհրդարանի դահլիճում լինում են որոշակի լարվածություն, որոշ տհաճ միջադեպեր, մեկ ժամ անց դրանք անմիջապես հարթվում են, պատգամավորներն իրար ձեռք են սեղմում և պահպանվում են նորմալ, մարդկային հարաբերությունները: «Երբեք քաղաքական հարաբերությունները չազդեցին մարդկային հարաբերությունների վրա. դա մեր խորհրդարանի ձեռքբերումներից է: Մեր խորհրդարանում շատ լավ պահպանվում են էթիկայի կանոնները»,- ասաց ԱԺ նախագահը:
Լրագրողների կողմից առաջարկություն հնչեց, որ պատգամավորների կոճակը դառնա մատնահետքերով, որպեսզի բացառվեն իրար փոխարեն քվեարկությունները: «Ես գիտեմ, որ այդպիսի պրակտիկա գոյություն ունի Թուրքիայում: Անկեղծ ասած ես այդ մոտեցումն ընդունում եմ»,- նշեց Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով` այդ համակարգի ներդրումը կարող է պայմանավորված լինել որոշակի ֆինանսական խնդիրների հետ, սակայն դա նոր գումարման խորհրդարանի խնդիրն է: Անդրադառնալով պատգամավորների բացակայություններին` ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորները բացի օրենսդրական գործունեությունից ունեն նաև այլ գործառույթներ, և միայն այդ գործառույթների իրականացման պարագայում կարելի է նրանց բացակայությունը արդարացված համարել:
armenpress.am