Լուրեր

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները կոչ են անում համատեղել ջանքերը ԼՂ հիմնահարցի լուծման հարցում

22.03.2012

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու նպատակով միջնորդական առաքելության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը (ՌԴ), Ալեն Ժյուպեն (Ֆրանսիա) և Հիլարի Քլինթոնը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախարարները կոչ են անում կողմերին քաղաքական կամք ցուցաբերել տևական խաղաղության ապահովման համար:
«2011թ-ի մայիսի 24-ին նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին իրենց դովիլյան հայտարարության մեջ վերահաստատել էին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է բերել խաղաղություն, կայունություն և հաշտեցում: Հակամարտությունը լուծելու համար ուժի ցանկացած օգտագործում կբերի միայն նոր տառապանքներ մի տարածաշրջանում, որը բավականին երկար ժամանակ ապրում է անհստակության և ոչ անվտանգ պայմաններում:
Տարածաշրջանի ժողովուրդները շատ զրկանքներ են կրել պատերազմի պատճառով և հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած ձգձգում բերում է նոր զրկանքների: Տարածաշրջանի նոր սերունդը չունի հիշողություններ այն մասին, որ հայերն ու ազերիներն ապրել են կողք կողքի, իսկ երկարաձգելով այս արհեստական տարաբերությունները միայն խորացնում են պատերազմի վերքերը: Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում կողմերին պատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության և ո չպատերազմի: Խաղաղության հարցում առաջընթաց է արձանագրվել: Համանախագահող երկրների 2009թ-ի Լ’Ակվիլայի, 2010թ-ի Մուսկոկայի, 2011թ-ի Դովիլի հայտարարություններն ուրվագծում են խաղաղության համապարփակ պայմանագրի շրջանակային տարրերը: Վերջերս` 2012թ-ի հունվարի 23-ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձանագրելէին կողմերի հանձնառությունը Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ արագացնել աշխատանքների ընթացքը: Մենք կոչ ենք անում կողմերի ղեկավարներին ավարտել շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը և հասնել վերջնական կարգավորման` հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ամբողջ տարածաշրջանին հաղթահարել ստատուս-քվոն և շարժվել դեպի առավել անվտանգ և բարգավաճ ապագա: 

← Վերադառնալ ցուցակին