Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեվանի խորհրդի անդամների հետ

21.03.2012

Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամների հետ: Քաղաքապետը նշել է, որ հանրապետական կուսակցությունը մշտապես սատարել է երիտասարդ կուսակիցներին և այդ առումով որդեգրած սկզբունքը չի փոխվելու:
<<Երիտասարդները մեր երկրի ապագայի կերտման երաշխավորներն են: Մենք շարունակելու ենք բանիմաց երիտասարդներին ներգրավել մեր երկրի կառավարման պետական համակարգ: Վստահ եղեք, ձեր ակտիվությունը, իրատեսական գաղափարներն ու վճռականությունը անպայման կգնահատվեն: Այդ ճանապարհին ես և ձեր մյուս ավագ գործընկերները պատրաստ ենք հնարավորին աջակցել:>> ,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության և աջակցելու պատրաստակամության համար, երիտասարդ հանրապետականներն իրենց հերթին վստահեցրել են քաղաքապետին, որ իրենք ևս պատրաստ են ներգրավվել ու աջակցել քաղաքային իշխանությանը` տարատեսակ ծրագրերի իրականացման հարցերում: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է մասնավորապես բարեկարգման ու կանաչապատման ծրագրերին և նշել, որ արդեն սկսվել է պուրակների համալիր բարեկարգման գործընթացը, որի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչապատմանն ու նոր կանաչ գոտիների ստեղծմանը, ինչպես նաև ոռոգման ցանցերի արդիականացմանը: Անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվելու երիտասարդների պատրաստակամությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը միշտ էլ բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ առողջ համագործակցության համար:
Այս համատեքստում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն առաջարկել է քննարկել Մաշտոցի պողոտային հարակից պուրակում երիտասարդ քանդակագործների աշխատանքների տեղադրման հնարավորությունը, ինչն ըստ նրա ևս մեկ կարևոր նշանակություն կարող է ունենալ պուրակի` որպես հանգստյան գոտի, նպատակային օգտագործման տեսանկյունից: Տարոն Մարգարյանը խոստացել է առաջարկը ներկայացնել համապատասխան մասնագետների քննարկմանը:
Հանդիպման վերջում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամները քաղաքապետին են նվիրել իրենց կողմից լայնաշերտ ապակու վրա փորագրված Երևան քաղաքի հատակագիծը: Շնորհակալություն հայտնելով յուրօրինակ նվերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է այն փոխանցել Երևանի պատմության թանգարանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդների հետ հանդիպումները դարձնել պարբերական:  

← Վերադառնալ ցուցակին