Լուրեր
ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվել են Երեվանում
21.03.2012
Այսօր Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը և կուսակցության երևանյան ակտիվի հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակաման շուրջ քննարկումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվել են կուսակցության երևանյան ակտիվի հետ:
ՀՀԿ-ն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ և ծրագրեր, որոնք ուղղված են լինելու քաղաքացիների խնդիրների լուծմանը: «Պետությունն ունի բավարար կարողություններ` այդ խնդիրները լուծելու համար, և մենք գիտենք դրա ճանապարհը: Մեր թիվ մեկ փոփոխությունը վերաբերվում է տնտեսական քաղաքականությանը, որը միտված է լինելու քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, ժամանակակից նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնց եկամուտով քաղաքացին կկարողանա ապրել բարեկեցիկ կյանքով»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականություն: 11 ոլորտներում մշակվելու են զարգացման ծրագրեր, որոնց արդյունքում էլ ստեղծվելու են արդիական աշխատատեղեր:
Վարչապետը նշել է, որ աղքատության հաղթահարման ռազմավարությունը սոցիալապես անապահով ընտանքիների համար աշխատատեղերի ստեղծումը և կրթությունը հասանելի դարձնելն է: Պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են այս խնդիրների լուծմանը: «Սա է այն ռազմավարությունը, որը հնարավորություն է տալու հաղթահարել աղքատության հիմնախնդիրը: Սոցիալական ոլորտում մենք կատարելու ենք արմատական փոփոխություն: 120 հազար սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական նպաստները հասցնել այն մակարդակին, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը, անիրատեսական է և այդ ռազմավարությունը չի կարող բերել հաջողություն: Մենք պետք է պայքարենք աղքատություն ծնող պատճառների դեմ»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ աղքատությունը կրթություն չստանալու պատճառ չպետք է հանդիսանա:
Գյուղատնտեսության ոլորտում ՀՀԿ-ն իրականացնելու է ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: «Պետք է այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծենք, որն օգնելու է գյուղացուն իրացնել իր ապրանքն այնպիսի գնով, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահութաբեր: Պետության օժանդակությունն ուղղվելու է նաև վերամշակող ընկերությունների կայացմանը: Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություններ և օժանդակելով նրանց` լուծում ենք նաև սոցիալական խնդիր»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով` «Զվարթնոց» օդանակայանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին ևս օգնելու է այս խնդրի լուծմանը և գյուղապրանքների արտահանման ծավալների աճին: Միաժամանակ, իրականացվելու են գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ուղղված ծրագրեր: Այդ առումով, պետությունը շարունակելու է սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման քաղաքականությունը, որպեսզի այս ամենը հասանելի լինի գյուղացուն` ցածր գներով:
Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերին` Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հարկային ոլորտում նախատեսվող նոր բարեփոխումներով ստուգումները կրճատվելու են 95 տոկոսով: «ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով իրականացվում է հարկային վարչարարության էական պարզեցում: Բիզնեսի և հարկային մարմնի միջև շփումը հասցվելու է նվազագույնի»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ 18 տեսչական մարմինների ներկայում արգելվել է ստուգումներ իրականացնել:
Տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` պետության ուշադրության կենտրոնում է լինելու ճանապարհաշինությունը և ենթակառուցվածքների զարգացումը: Բացի այդ, իրականացվելու է Երևանի բեռնաթափման ծրագիր: «Ֆունկցիաների գերկենտրոնացվածությունը Երևանում խոչնդոտում է նաև մայրաքաղաքի զարգացմանը: Բազմաթիվ պետական ֆունկցիաներ պետք է դուրս բերվեն Երևանից և տեղափոխվեն մարզեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հիշեցրել է, որ Դիլիջանը դառնալու է ֆինանսական կենտրոն: Այսօր մեծածավալ շինաշխատանքներ են կատարվում և շուտով Դիլիջանում կբացվի Կենտրոնական բանկի գլխավոր մասնաճյուղը, որն էլ իր հերթին կնպաստի մյուս առևտրային բանկերի գործունեությանը Տավուշի մարզում: «Նմանատիպ գործառույթներ անհրաժեշտ է իրականացնել նաև այլ քաղաքների համար, որոնք ևս պետք է մասնագիտանան»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքներին` կառավարության ղեկավարն ասել է, որ այս ընթացքում թիվ մեկ խնդիրը պետության անվտանգության ապահովումն էր: Այդ առումով`բանակը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում էլ հակառակորդին պարտադրվել է խաղաղություն: «Վերջին 4 տարիների ընթացքում բանակի մարտունակությունն էապես բարձրացվել է. բարձրակարգ զինտեխնիկայի քանակական և որակական ձեռքբերումներն զգալի են և մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների արդյունքները»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և այլ մարտահրավերների` այս ընթացքում պետությունը չի կրճատել ոչ մի սոցիալական ծրագիր, այլ հակառակը` կարողացել է ամբողջությամբ իրականացնել իր պարտավորությունները` բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները:
Հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրենց տեղը կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում:
ՀՀԿ երևանյան ակտիվի կողմից եղել են բազմաթիվ հարցադրումներ` կապված Երևան քաղաքի և Հանրապետության ամենատարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին: Հանրապետության վարչապետը և Երևանի քաղաքապետը մանրամասն պարզաբանումներ և պատասխաններ են տվել բարձրացված բոլոր հարցերին: