Լուրեր

Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները լարված են. Մարտին Շուլց

20.03.2012

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Գերմանիայում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դժվար փուլ է սկսվել:

Նա ասել է, որ Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները լարվել են, ինչն անհնար են դարձնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

«Ամռանը ԵՄ-ի նախագահությունը կստանձնի Կիպրոսը, և Թուրքիան ստիպված կլինի ավելի մեծ ջանքեր գործադրել ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելուն ուղղված աշխատանքներ իրականացնելիս»,- ասել է Մարտին Շուլցը:

Անդրադառնալով Թուրքիայի ժողովրդավարությանը՝ Շուլցը նկատել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման առաջին տարիներին թեև ժողովրդավարացման առումով առաջընթաց է գրանցել, սակայն վերջին տարիներին ժողովրդավարացման մակարդակն այստեղ հետընթաց է ապրում:

Մարտին Շուլցը տեղեկացրել է, որ իրենք հետևում են Թուրքիայի նոր Սահմանադրության ստեղծման առաջընթացին և դա որոշակի հույսեր է ներշնչում:

Շուլցը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի քաղաքացիներին` առանց մուտքի արտոնագրի Եվրամիություն թողնելու հարցում:

Անդրադառնալով ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` շենգենյան գոտուց դուրս գալու մասին հայտարարություններին, պաշտոնյան դա «նախընտրական քայլ» է որակել:

tert.am 

← Վերադառնալ ցուցակին