Լուրեր

Տարոն Մարգարյանը հանձնարարել է շտկել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում առկա բացթողումները

20.03.2012

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաև քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից:

« Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ»,-ասել է քաղաքապետը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

Անդրադառնալով կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս դեպքում ևս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն:

« Մեզ հասած տեղեկությւնների համաձայն ,տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ, ընդհուպ մինչև համակարգից հեռացում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաև անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաև տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը և ընդհանուր իրավիճակի հստակեցմանը: Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միայն սրտացավ ու հոգատար վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաև համակարգի նկատմամբ վստահությունը:

Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականների, սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները և բացթողումները:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին