Լուրեր
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին
19.03.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային և սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական և առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին:
Վարչապետ Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են նաև Հայաստանում և եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
panorama.am