Լուրեր

Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

19.03.2012

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի եւ մարտի 19-22-ի քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով, որից հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում քննարկված շուրջ երկու տասնյակ օրինագծեր եւ երեք միջազգային պայմանագրեր:
ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը խորհրդարանն ընդունել էր 2012 թվականի փետրվարի 6-ին: ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օրինագծերը ՀՀ նախագահն առարկությամբ ետ է վերադարձրել` հաշվի առնելով, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր: Մյուս` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու նպատակով սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք: Բացի այդ` օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը:

Հարակից ելույթում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ներկայացնելով փաթեթի քննարկման փուլերը, նկատեց, որ այն լրամշակման կարիք ունի, թեեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկներ ներկայացվել են կառավարությանը, որոնք ընդգրկվել են փաթեթում:

Ըստ պարոն Հարությունյանի` անհրաժեշտ է փաթեթը համալրել նոր` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով, ինչի պարագայում փաթեթը կամբողջանա:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարը մասնավորապես ներկայացրեց նախագծին կից ամփոփաթերթիկը` ընդունված կամ մերժված առաջարկների մասին: Ընդունվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկների մի մասը, այդ թվում` սահմանվել է, որ արտակարգ դրության ընթացքում չի կարող սահմանափակվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Խմբակցության պատգամավորները վերապահում ունեն եւ առաջարկել են փաթեթից հանել պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցներն օգտագործելուն վերաբերող որոշ կետեր: Արդարադատության նախարարի հիմնավորմամբ` այդ դրույթներն անհրաժեշտ են, քանի որ սահմանում են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի մասնակցության դեպքերն ու նաեւ սահմանափակումները: ՀՅԴ խմբակցության պատգամավորների առաջարկների արդյունքում նախագիծը խմբագրվել է, եւ արտակարգ դրության մասին իրավական ակտ է ճանաչվել նաեւ Ազգային ժողովի որոշումը: Նաեւ ամրագրվել է, որ Ազգային ժողովն իրավասու է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր կամ առանձին միջոցառումների իրականացումը: Երկրորդ ընթերցման ներկայացված փաթեթում արտացոլված են նաեւ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի եւ Կորյուն Նահապետյանի առաջարկությունները: Վերջիններիս նկատառումների հիման վրա հստակեցվել եւ վերախմբագրվել են մի շարք ձեւակերպումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը` սահմանադրական կարգին սպառնացող բոլոր անմիջական վտանգներն օրենսդրորեն եւ ըստ առանձին կետերի սահմանելու մասին, մերժվել է. հիմնական զեկուցողի խոսքերով` անհնար է օրենքով ամրագրել այդօրինակ սպառիչ ցանկ: Լրամշակված տարբերակում նախատեսվել է, որ եթե հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո երեք ժամվա ընթացքում ԱԺ նիստում քվորում չի ապահովվում, ապա նիստն սկսվում է անկախ քվորումի առկայությունից:

Նախագծերի վերաբերյալ ելույթներում պատգամավորները խոսեցին արտակարգ դրության ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների համաչափության ու իրավաչափության մասին, ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին արտակարգ դրության ապահովման ընթացքում զինված ուժերի մասնակցության վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Գալուստ Սահակյանը նկատեց, որ փաթեթն ուղղված է ժողովրդի անվտանգության ապահովմանը: Խմբակցության ղեկավարը հավաստիացրեց, որ բանակը ոչ մի առնչություն չի ունենալու քաղաքական գործընթացների հետ, այն կմիջամտի մեծապես անօրինական զինված միավորումների գործունեությունը կասեցնելու համար: ՀՀԿ-ն նախագիծը համարում է ընդունելու պատրաստ եւ առաջարկում կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փաթեթը խորհրդարան բերելը եւ արտակարգ դրություն սահմանելու հիմքերն օրենսդրորեն ամրագրելը բխում է 2008 թ. ցավալի իրադարձություններից, դրանց կրկնությունը բացառելու նկատառումներից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը:

Վարդան Արամյանը ներկայացրեց նաեւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի` համաձայնագրերի նպատակն է իրականացնել աղքատության կայուն կրճատում:

ԱԺ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» ընտրված սպասարկման տարածքներում ջրամատակարարման որակի բարելավմանը:

Քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» եւ մի շարք օրենքներում լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի մարտի 20-ին: 

parliament.am

← Վերադառնալ ցուցակին