Լուրեր

ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումներն անցկացվել են մտավորականության հետ

16.03.2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումներն անցկացվել են մտավորականության հետ: Մասնավորապես, քննարկումներին մասնակցողների թվում են եղել` Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, մշակույթի և գիտության այլ անվանի ներկայացուցիչներ: Հիմնականում անդրադարձ է կատարվել կրթության և մշակութային բնագավառներում քաղաքականությանը և առաջիկա ծրագրերին:
ՀՀԿ-ն առաջնորդվելու է ազգի և անձի անվտանգության, ժողովրդավարական արժեքներին հավատարմության, հայրենասիրության, հայապահպանության, հավասար իրավունքների և հնարավորությունների, անձնական պատասխանատվության, ամուր ընտանիքի և համերաշխ համայնքի, մրցակցային միջավայրի և նվաճումներն արդարացի գնահատելու արժեքներով: «Մեր նպատակն է, որպեսզի այս արժեքները կենցաղում լինեն կիրառելի: Դրանցից շեղումը հասարակության համար պետք է լինի անընդունելի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այսօր ՀՀ-ում այս արժեքների և իրականության միջև առկա է ճեղքվածք: Մեր նպատակն այդ ճեղքվածքը լրացնելն է: Դա նշանակում է, որ փոփոխությունների միջոցով պետք է առաջ տանենք մեր քաղաքացուն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀԿ նախընտրական ծրագրում փոփոխություններ կատարելիս իրենք առաջնորդվում են քաղաքացիների համար արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծման գաղափարով: «Պետությունը քաղաքացույն իր տաղանդն իրացնելու համապատասխան միջավայր պետք է ստեղծի: Մեր ծրագրի բոլոր դրույթները ելնում են այս սկզբունքից»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախընտրական ծրագրում կարևորագույն խնդիրներից է լինելու մշակույթը և կրթությունը քաղաքացիներին հասանելի դարձնելը` անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից:
Նշելով, որ կրթության անհասանելիությունն անհավասարություն ծնող հիմնական պատճառն է` վարչապետն ասել է, որ այդ տեսակետից ՀՀԿ-ն առաջարկում է արմատական փոփոխություններ: «Պետությունն առաջին հերթին պետք է իրականացնի աղքատություն ծնող պատճառների վերացման քաղաքականություն: Եթե անապահով ընտանիքից երիտասարդն ընդունվում է բուհ, ապա ֆինանսների բացակայությունը չպետք է նրա համար լինի կրթություն չստանալու պատճառ: Պետությունն այդ ծախսերը վերցնելու է իր վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` աղքատություն ծնող մյուս պատճառն աշխատանքի բացակայությունն է: «Պետությունը պարտավոր է սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին օգնել աշխատատեղ գտնելու գործում: Պետությունն իր միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում պետք է վերապատրաստման հնարավորություններ ստեղծի, որպեսզի նրանք սեփական աշխատանքով կերտեն իրենց ապագան և բարեկեցությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ նախընտրական ծրագրում դասագրքերի և ուսուցիչների որակի բարձրացումը լինելու է առաջնային խնդիր: «Կրթական համակարգում ներդնելով լավագույն չափանիշները` մենք պարտավոր ենք մտածել ազգային դաստիարակության և արժեքների պահպանության մասին: Կրթական դասընթացներում ազգային տարրը շեշտակիորեն պետք է ավելացվի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով մշակութային քաղաքականությանը` վարչապետը նշել է, որ այն հիմնված է լինելու քրիստոնեական արժեքների և մեր ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության վրա: «Հայ հոգևոր և մշակութային ժաառանգության պահպանումը լինելու է մշակութային քաղաքականության առանցքը: Պետական պատվերի ներդրմամբ, երաժշտության, հեռուսատահաղորումների, գրքերի միջոցով իրականացնելու ենք համամարդկային լավագույն օրինակներին համահունչ, ազգային ինքնությանը սպառնացող երևույթները կանխարգելելու մշակութային քաղաքականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով` մշակութային ոլորտում ներդրվելու են ժամանակակից բարձրակարգ տեխնոլոգիաներ` հայ ազգի հարուստ մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու նպատակով: ՀՀԿ նախընտըրական ծրագրում ներառվելու է նաև դպրոցներում ազգային երգի և պարի պարտադիր առարկաների ներդրումը, որն առաջարկվել էր մարզային քննարկումների ընթացքում:
Քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրենց տեղը կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: 

← Վերադառնալ ցուցակին