Լուրեր
Էդվարդ Նալբանդյանը մեղադրում է Ադրբեջանին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը տապալելու գործում
16.03.2012
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սոչիում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ. Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ նման մեխանիզմ չստեղծվի: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սոչիի նախորդ հանդիպմանը` մեկ տարի առաջ ևս, նախագահները բազմաթիվ կետերի անդրադարձան, սակայն այդ պայմանավորվածությունները չիրականացան, քանի որ Ադրբեջանը հետ կանգնեց դրանցից»,- շեշտեց ԱԳ նախարարը:
Նա տեղեկացրեց, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ համապատասխան առաջարկները ներկայացվել էին եռանախագահների կողմից 2011 թ-ի մարտին, և Հայաստանը տվել էր իր պատասխանը: «Եռանախագահների առաջարկով Հայաստանը ևս մեկ անգամ դրական պատասխան տվեց անցած տարվա հոկտեմբերին: Ադրբեջանը դեռ մինչ այսօր այդպիսի պատասխան չի տվել»,- ընդգծեց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը որպես Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման օրինակ բերեց այս տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ-ի բյուջեի քննարկումները, երբ Ադրբեջանը սպառնաց վետո կիրառել հետաքննությունների մեխանիզմին ֆինանսավորման հատկացման դեպքում: «Սա օրինակներից մեկն է, թե ինչու չենք կարողանում առաջընթաց արձանագրել. որովհետև պայմանավորվում ենք մեկ բան, բայց Ադրբեջանը հետ է կանգնում այդ պայմանավորվածություններից»,- ասաց Նալբանդյանը:
Նրա խոսքով` հենց Ադրբեջանի դիրքորոշումն է պատճառը, որ առաջընթաց չի արձանագրվում: «Սա է պատճառը, այլ ոչ թե որ եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Նրանք բավականին մեծ աշխատանք են կատարում»,- ասաց ԱԳ նախարարը:
Նալբանդյանը նաև բարձր գնահատեց վերջին երկու-երեք տարվա ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կատարած միջնորդական գործունեությունը: «Սոչիի վերջին հանդիպման ժամանակ եռանախագահների աշխատանքին բավականին բաձր գնահատական տրվեց: Անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ բարձր է գնահատում նրանց գործունեությունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձևաչափով և նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչև որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,- ասաց նախարարը: Նա նաև շեշտեց, որ Իլհամ Ալիևի` նման հայտարարությունից օրեր անց Ադրբեջանից այլ մակարդակներով հանկարծ հնչում է քննադատություն համանախագահների գործունեության հանդեպ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը:
armenpress.am