Լուրեր
Կիպրոսի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին
16.03.2012
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկոլլիսը մարտի 16-ին այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանք, հանդիպել Արամ Ա կաթողիկոսին: Արամ Առաջինը կարեւորել է նախարարի այցը` որպես Կիպրոսի եւ Լիբանանի միջեւ սերտ գործակցության երաշխիք: Կաթողիկոսն անդրադարձել է հայ եւ հույն եկեղեցիների դարավոր բարեկամության հարցին` ընդգծելով հատկապես կիլիկյան շրջանում հարաբերությունների առավել սերտացումը: Երկու եկեղեցիների ներկայիս գործակցության համար Վեհափառը կարեւորել է էկումենիկ հարաբերությունների խորացումը:
Արամ Առաջինը իր հյուրին ներկայացրել է նաեւ մի քանի շաբաթ առաջ կայացած Հայոց ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման խնդիրներին վերաբերող խորհրդաժողովի կարեւորությունն ու արդյունքները` նշելով, որ Թուրքիայի գործած ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր` ցեղասպանության ուրացմամբ: Այս համատեքստում նշվեց նաեւ կիպրացիների նկատմամբ թուրքական ոճրագործությունը` որպես երկրի մի մասը գրաված եւ մշակութային, հոգեւոր արժեքները վերացնողի դերում:
Կիպրոսի նախարարը վերահաստատել է Արամ կաթողիկոսի համոզմունքը` ավելացնելով, որ երկու երկրները պետք է շարունակեն միասնական պայքարը թուրքական ոտնձգությունների դեմ` հանուն արդարության եւ մարդու իրավունքների վերականգնման: Կիպրոսի արտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի սկզբին կայցելի Հայաստան:
Հանդիպման ավարտին Վեհափառը Էրատո Կոզակու Մարկոլլիսին ուղեկցել է դեպի Նահատակաց հուշարձան, որտեղ նախարարը կրկին վերահաստատել է Կիպրոսի ժողովրդի` հայության կողքին լինելու եւ պահանջատիրության անհրաժեշտության մասին:
armenpress.am