Լուրեր

Հրայր Թովմասյանի կարծիքով կուսակցական դառնալը նոր հնարավորությունների մեկնարկ է

16.03.2012

«Ես պարտադրանքով կուսակցության անդամ չեմ դառնում, քանի որ պարտադրված կուսակցականը ոչ մեկին հարկավոր չէ»,- Սլավոնական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Հանրապետականի շարքերը համալրելը լրացուցիչ հնարավորություններ է տալիս, որպեսզի քաղաքական գործիչն ավելի խորը հնարավորություններ ունենա մասնակից դառնալու պետության քաղաքական կյանքին», - ընդգծեց նախարար Թովմասյանը` հավաստիացնելով, որ ինքը կիսում է Հանրապետական կուսակցության գաղափարները:
Սլավոնական համալսարան այցելության նպատակն էր Արդարադատության նախարարի և Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Դրա շրջանակներում ուսանողները կկարողանան իրենց տեսական գիտելիքները գործնականորեն կիրառել: «Արդարադատության նախարարությունը Սլավոնական համալսարանի ուսանողների համար պրակտիկա անցնելու հնարավորություն կստեղծի», -ռեկտորի հետ հուշագիրն ստորագրելուց հետո ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Թովմասյանը:
Նշենք, որ այսօր Հանրապետական կուսակցությունում նորագիր կուսակցականներին, այդ թվում նախարար Թովմասյանին, անդամատոմսերը կհանձնի հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին