Լուրեր

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել ընտրություններին մասնակից ուժերին չխաթարել հանրային վստահության հիմքերը

16.03.2012

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն (Միացյալ Թագավորություն, սոցիալիստ) ու Աքսել Ֆիշերը (Գերմանիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հայտարարել են, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «որոշիչ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից»:
Հունվարի 16-17-ը Հայաստան կատարած այցի արդյունքում պատրաստված զեկույցում նրանք կոչ են արել ընտրություններին մասնակից ուժերին` ընտրական գործընթացների նկատմամբ չխաթարել հանրային վստահության հիմքերը:
Համազեկուցողները կրկնել են իրենց կոչը` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերի մահվան հանգամանքների արժանահավատ հանրային հետաքննություն իրականացնել: Նրանք նշել են, որ միայն քրեական գործով է հետաքննություն իրականացվել: «Դա այն չէ, ինչ ակնկալվել է, ինչը թույլ կտար զոհերի ընտանիքներին խոսել, իսկ իշխանություններին` բացատրել հետաքննության արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը բաց էր առաջարկների համար եւ հորդորել էր աշխատել հանրային լսումների կոնցեպտի ուղղությամբ»,-նշված է նրանց հայտարարության մեջ:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին