Լուրեր
Համակարգչային ծրագրերի հայացումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությանը
16.03.2012
Համակարգչային եզրույթների հայացման գործընթացի նպատակը լեզուն որակյալ թարգմանություններով ապահովելն է: «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրանքի հայացման» թեմայի շուրջ հանդիպում-քննարկմանն ընկերության հայկական գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելության հարցում կա լեզվական խոչընդոտ: «Անկախ կրթական մակարդակից` մարդիկ պետք է կարողանան ավելի հեշտ տիրապետել համակարգչին»,- նշեց նա:
Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի խոսքով` պետք է այնպես անել, որ ծրագրային ապահովումները լինեն հայերեն` առանց մարդկանց ստիպելու, որ օգտագործեն այն: « Հայկական միջավայրի հետ շփվող մարդուն պետք է տալ այդ հնարավորությունն, ինչը թույլ կտա հեշտացնել օգտագործողների աշխատանքը»,- ասաց նա:
Դանիելյանի կարծիքով` չունենալով հայաֆիկացված ֆոնտեր, մենք կթուլացնենք մեր մրցունակությունը:
Բարսեղյանն էլ նշեց, որ հայաֆիկացված հայերեն ծրագրերին վարժվելու համար մեկ ամիս ժամանակահատվածը բավական է:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայկական գրասենյակը 2006 թվականից իր ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտում առկա բառապաշարի տեղայնացման հարցը եւ մինչ օրս մեծ ներդրումներ է կատարել իր արտադրանքի հայացումն իրականացնելու համար: Կարելի է նշել Windows XP, Windows Vista, Windows 7, MS Office 2007, MS Office 2010, ինչպես նաեւ ուղղագրական ծրագրերի հայացումը:
armenpress.am