Լուրեր
Կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի շնորհանդեսը
13.03.2012
ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի` www.armdiasporamuseum.com շնորհանդեսը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
«Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի իրականացմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակ ունի հանրահռչակել հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու նվաճումները, սփյուռքահայ երիտասարդների շրջանում ձևավորել և արմատավորել հայ ազգային ինքնության, հայ ազգին պատկանելությամբ հպարտանալու գիտակցություն, Սփյուռքի հայ համայնքները ճանաչելի դարձնել միմյանց, ամրապնդել կապերը Հայրենիքի և Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների միջև, նպաստել Հայաստանի Հանրապետությունը որպես համայն հայության Հայրենիք ընկալելուն:
Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան»-ի ստեղծումը` որպես ևս մեկ համահայկական ծրագրի իրականացում: Նախարարը բարի երթ է մաղթել ծրագրին` համոզմունք հայտնելով, որ ընդլայնման, լրացման և կատարելագործման փուլում գտնվող «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը կարճ ժամանակահատվածում կդառնա առավել հետաքրքիր և ընդգրկուն:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Լ.Ստեփանյանը ներկայացրել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի կառուցվածքն ու առանձին բաժինների ընդհանուր բովանդակությունը: Կայքը եռալեզու է` հայերեն, անգլերեն և ռուսերեն, իսկ մինչև տարեվերջ այդ շարքը կհամալրի նաև դասական հայերենը: Կայքում արդեն գործում են «Հայ համայնքներ», «Համահայկական կազմակերպություններ», «Հոգևոր կառույցներ», «Ցուցասրահ», «Ֆիլմեր, տեսաձայնանյութեր», «Հայկական գենեալոգիա» այլ բաժիններ, որոնք մշտապես համալրվում և ընդլայնվում են:
Աղբյուր` Panorama.am