Լուրեր

Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»

13.03.2012

«Նախագահի ելույթը հիմնված էր երկրի իրավիճակի և կարևորագույն խնդիրների վերլուծության վրա: Շիտակ և սթափ ղեկավարի հայացք էր իրականությանը և այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առաջ: Ելույթ, որն ուղղված է երկրում բարեփոխումների շարունակմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այդ ելույթում ես տեսնում եմ արտաքին քաղաքականությանը վերաբերող շատ կարևոր ազդակներ, որովհետև կուրսը, որն ընտրել է նախագահ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերություններում, Ղարաբաղի հարցի լուծման հարցում, այս տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը»,- հավելեց նա:
Ըստ պատգամավորի՝ նախագահի ելույթում շատ կարևոր էր նաև տնտեսության, տնտեսական զարգացումների վերաբերյալ ներկայացված վերլուծությունը:
«Առաջին անգամ, վերջին 10-15 տարիների ընթացքում մենք վերադառնում և դնում ենք տնտեսական զարգացման խնդիրը, տնտեսական աճից անցնելու դեպի տնտեսական զարգացում, ինչը մեզ համար բոլորովին նոր նշաձող է սահմանում: Որակապես նոր մոտեցում, նոր զարգացում ենք այսօր դնում՝ տնտեսական աճից գնալ դեպի տնտեսական զարգացմանը:
Ինքնապաշտպանական և ինքնապահպանման նպատակներից` մենք գնում ենք դեպի զարգացման նպատակների ներդրում: Սա բացարձակ նոր ընկալում է, որ հստակորեն ամրագրված էր նախագահի ելույթում»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Հարցին, թե՝ հաճախ է խոսվում կանանց դերի բարձրացման, քաղաքական այս կամ այն պաշտոններում ներգրավման մասին. ինչո՞վ է դա նպաստելու երկրի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը, պատգամավորը նշեց. «ՀՀԿ անդամների (145.000) 51%-ը կանայք են: Կանայք կուսակցության մեջ ոչ միայն ապահովվում են շարքերի քանակը, այլ նաև նոր որակներ են բերում: Բերում են իրենց պրոֆեսիոնալ մասնագիտական, մարդկային որակները: Մենք թևակոխում ենք մի փուլ, որն ուղղված է մարդակենտրոն քաղաքականությանը, քաղաքականություն, որի բոլոր նպատակները ուղղված են լինելու մարդու կյանքը լավացնելուն: Ամեն մարդ պետք է իր վրա զգա այդ երկրում իրականացվող բարեփոխումների դրական արդյունքը: Մարդակենտրոն քաղաքականության մեջ առավել հաջողությունների հասնելու հարցում, կանայք, կարելի է ասել առաջնային ուժն են»:

Աղբյուր` Panorama.am 

← Վերադառնալ ցուցակին