Լուրեր

Բժշկական ապահովագրությունը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը

12.03.2012

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը առաջին հերթին անհրաժեշտություն է, որը բխում է հենց քաղաքացիների շահերից, մարտի 12-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ապահովագրության այս տեսակի ներդրումը շուրջ քսան տարի թեմայի շուրջ խոսելուց հետո առաջին դրական քայլն է:
«Պարտադիր բժշկական ապահովագրությունը կընտրի որոշակի ֆիքսված կոնտինգենտի` պետական աշխատակիցների, բայց սա արդեն իսկ դրական առաջընթաց գրանցող քայլ է»,- ասաց Բաբլոյանը:
Նրա խոսքով` 2012 թ-ի հունվարից Հայաստանում ներդրված սոցիալական փաթեթի միջոցով ոչ թե քաղաքացին է վճարում, այլեւ պետությունը:
«Բժշկական ապահովագրությունը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. խոսքը գնում է մի գումարի մասին, որը օրինական կերպով նստած է ապահովագրական ընկերության բանկային հաշվին եւ կանոնակարգվում է փաստաթղթային ձեւաչափով»,- տեղեկացրեց Բաբլոյանը: Նրա խոսքով` սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակները)` անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ օգտվել սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում:
Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ` 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար դրամ: Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի եւ պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական եւ ներանոթային միջամտությունների իրականացում:
Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:
Բաբլոյանը կարծում է, որ ապահովագրության այս տեսակի ներդրումը կհանգեցնի բժշկական ծառայությունների մատչելիությանը` օրինականացնելով դրամային շրջանառությունը բժշկական հաստատություններում: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ` բնակչության շրջանում արդեն իսկ նկատելի է հետաքրքրությունը բժշկական ապահովագրության նկատմամբ:

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին