Լուրեր

Նիկոլա Սարկոզին հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին

08.03.2012

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ` մարտի 7-ին հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Պատրիկ Դեւեջյանը, ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, Շառլ Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը եւ այլ անվանի անձինք:
Սարկոզին հանդիպման ընթացքում վերահաստատել է իր հանձնառությունը` Հայոց Ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու վերաբերյալ: Նա ընդգծել է, թե օրինագիծը կներկայացնի նաագահ ընտրվելուց հետո:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում, եւ խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Դրանից հետո Սարկոզին կարգադրել է կառավարությանը նոր օրինագիծ պատրաստել, այդուհանդերձ կառավարությունը հայտնել է, որ այդ օրենքը չի կարող քննարկվել մինչեւ ընթացիկ խորհրդարանական նստաշրջանի վերջը, որն ավարտվել է երեքշաբթի օրը, եւ հետեւաբար կհետաձգվի մինչեւ մայիսին եւ հունիսին Ֆրանսիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո կայանալիք խորհրդարանական նիստերը: 

← Վերադառնալ ցուցակին