Լուրեր

Վարչապետի ակտիվ կուսակցաշինական գործունեությունը քարոզարշավ չէ. այդպես է պնդում Արտակ Զաքարյանը

07.03.2012

 Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարը կտա բոլոր հարցերի պատասխանները: Այդ մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀԿ նոր կայքի շնորհանդեսին հայտնել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Համագումարից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն եւ կխոսենք փաստերով, ոչ ենթադրություններով»,- նշել է Զաքարյանը եւ հավելել, որ եթե համամասնական ընտրացուցակը համագումարին չհրապարակվի էլ, կհայտարարվի, թե երբ է հրապարակվելու:
Հարցին, հնարավո՞ր է, որ ընտրացուցակում ավելանա կանանց թիվը, Արտակ Զաքարյանը նշել է. «Չեմ բացառում, որ ընդլայնվի կանանց ներգրավվածությունը: Մեր շարքերում մեծ է կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը»:
Զաքարյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ կուսակցաշինական գործունեությանը` պնդելով, որ դա նախընտրական քարոզարշավ չէ: «Ինքս այդ խմբի կազմում եմ, որ լինում է համայնքներում, քննարկվում են ներկուսակցական դրույթները: Սա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին, նաեւ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ հասարակությանը հուզող խնդիրները»,- ամփոփել է Արտակ Զաքարյանը:

News.am

← Վերադառնալ ցուցակին