Լուրեր
ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները
06.03.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումներն մարտի 6-ին շարունակվել են Արթիկում և Գյումրիում` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի ւ մտավորականության հետ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: «Մեզ դեռևս չի հաջողվել լուծել աղքատության, կոռուպցիայի խնդիրները, որոնք, սակայան, լուծելու կամք և կարողություն մենք ունենք: Անցած հինգ տարիների ընթացքում մեզ համար գերակա խնդիր էր պետության ամրապնդումը` անվտանգության ապահովումը, պետական ինստիտուտների զարգացումը, հետագա զարգացման համար կարողությունների ապահովումը: Այս ամենը մեզ հաջողվել է իրականացնել ամբողջությամբ: Մեր նպատակն է առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա դրանց դրական ազդեցությունն իր կենսամակարդակի վրա»,- ասել է վարչապետը:
ՀՀԿ տնտեսական ծրագրի թիվ մեկ խնդիրը լինելու է աշխատատեղերի ստեղծումը: «Մենք գիտենք այդ խնդիրն իրականացնելու ճանապարհը: Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ առաջ ենք քաշում արդյունաբերական ճյուղային նոր քաղաքականությունը, որը միտված է լինելու արտահանման ծավալների աճին և ժամանակակից աշխատատեղերի ստեղծմանը: Քաղաքականությունն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ 11ճյուղերով ուսումնասիրվել է երկրի տնտեսական ներուժը, որտեղ ներդրումներ կատարելով հնարավորություն կստեղծվի նոր և մրցունակ աշխատատեղերի ստեղծման համար:«Սա է հզոր արդյունաբերական տնտեսություն ստեղծելու երաշխիքը»,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ արդյունաբերական քաղաքականության իրականացման մեջ պետությունը և մասնավոր հատվածը ստանձնելու են հստակ պարտավորություններ
Տիգրան Սարգսյանի խոսքով` պետությունը շարունակելու է դեմքով շրջվել դեպի գյուղացին և գյուղը: «Գյուղի և գյուղատնտեսության զարգացումը դիտարկվելու է մեկ համատեքստում: Գյուղում ապրելը պետք է լինի հարմարավետ և պետությունը մեծածավալ ներդրումներ է կատարելու ենթակառուցվածքների` ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, գազիֆիկացիայի, ինտենետ կապի հասանելիության ապահովման ուղղությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` առաջնային ուշադրություն է դարձվելու նաև գյուղմթերքների իրացման խնդրին: Պետությունը շարունակելու է օժանդակություն ցուցաբերել գյուղմթերք վերամշակող և արտահանող ընկերություններին: «Գյուղացին պետք է վստահ լինի, որ կարողանալու է իրացնել իր արտադրանքը: Միաժամանակ, մենք պետք է լուծենք գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցման խնդիրը` պարարտանյութի, դիզվառելիքի սուբիսդավորման միջոցով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գյուղացիական վարկերի և գյուղտեխնիկայի սուբսիդավորումը ևս պետության առաջնահերթ ուղղություններից մեկն է լինելու:
Վարչապետը գյումրեցիներին վստահեցրել է, որ աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կհասցվի իր ավարտին: «ՀՀԿ նախընտրական ծրագրով աղետի գոտու 7000 անօթևան ընտանիքները պետք է ստանան բնակարաններ: Չնայած ճգնաժամին, մենք հավատարիմ մնացինք այդ խոստմանը և մեծածավալ ներդրումներ ուղղեցինք այստեղ: Դուք պետք է վստահ լինեք` ծրագիրն ամբողջությամբ կհասցվի իր ավարտին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ ճգնաժամի հաղթահարման նպատակով Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկի կեսն ուղղվել է հենց աղետի գոտուն` բնակարանային ապահովման ծրագիրն ի կատար ածելու համար:
Խոսելով որոշ ֆունկցիաներ Երևանից մարզեր տեղափոխելու մասին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ անցկացվող քննարկումները հուշում են, որ Գյումրի կտեղափոխվեն մշակութային, կրթական և նորարական բնագավառների ֆունկցիաները: «Երևանի գերկենտոնացվածությունը պետք է լուծենք: Դրա շրջանակներում որոշ ֆունկցիաներ Երևանից տեղափոխելու ենք մարզեր: Պետությունը ֆինանսական միջոցների վերաբաշխումն իրականացվելու է մարզերի առաջանցիկ տեմպերով զարգացմանը նպաստելու համար»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Դիլիջանը պետք է դառնա ֆինանսական կենտրոն: «Այժմ Դիլիջանը զարգանում է բուռն տեմպերով: Ֆինանսական կենտրոնի զարգացման շրջանակներում իրականացվում են մեծածավալ ներդրումներ: Դիլիջանում է կառուցվում նաև ՀՀ կենտրոնական բանկի շենքը, որը տեղափոխվելու է Դիլիջան»,- նշել է վարչապետը:
Քննարկման մասնակիցներից մեկ դիտարկմանը, թե որոշ կուսակցություններ մեծածավալ փիառ ակցիաներով են զբաղված, իսկ ՀՀԿ-ն նման քաղաքականություն չի իրականացնում` չնայած կատարած լայնածավալ աշխատանքներին` վարչապետը նշել է. «Ես համաձայն այն գնահատականի հետ, որ շատ քաղաքական ուժեր հատկապես մեծ ուշադրություն են դարձնում փիառի վրա, սակայն կարծում եմ, որ մարդիկ պետք է տեսնեն կատարված աշխատանքը»:
ՀՀԿ նախընտրական ծրագրում սոցիալական բնագավառում իրականացվելու է սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման քաղաքականություն: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության և աշխատատեղերի ապահովման ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա:
Իսկ առողջապահության ոլորտում ներդրվելու է առողջության ապահովագրման համակարգ, ինչը քաղաքացիներին հասանելի կդարձնի բարձրորակ բուժօգնությունը, սորտի վիրահատությունը և օնկոլոգիական ծառայությունները:
gov.am