Լուրեր

ՀՀԿ-ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար

05.03.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումները մարտի 4-ին շարունակվել են Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը:
Վարչապետը նշել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ի նպատակն է եղել ամրապնդել պետությունը, ապահովել երկրի անվտանգությունը` հակառակորդին պարտադրելով խաղաղություն: «Այս ամենը մեզ հաջողվել է իրականացնել պատշաճ կերպով: Այսօրվա թիվ մեկ խնդիրը մեր պետության դիմադրողականության բարձրացումն է և մենք պատրաստ ենք լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, որոնց ազդեցությունը նշանակալի կլինի հասարակության բարեկեցության զարգացման ու ամրապնդման գործում:
Վարչապետն ասել է, որ պետության առջև ծառացած առաջնային խնդիրը աշխատատղերեի ստեղծումն է, որոնք կապահովեն բարձր վարձատրություն: «Այս նպատակին հասնելու համար պետությունը մշակել է արդյունաբերական ճյուղային քաղաքականություն` նպատակ ունենալով խթանել արտահանումը և ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: 11 ճյուղերով բացահայտվել են արտահանման և ներդրումների իրականացման հնարավորություններն ու ռեսուրսներըը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` ներկայում հանրապետությունում առկա է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց զարգացման խնդիրը խիստ արդիական է: Դրանց լուծման նպատակով պետությունը մշակել է մի շարք ծրագրեր` գյուղացուն օժանդակություն ցուցաբերելու համար: «Սերմնաբուծության զարգացման ծրագրով առաջիկա չորս տարիների ընթացքում սերմնարտադրության տարեկան ծավալները կհասցվեն 30 հազար տոննայի, ինչն ամբողջությամբ կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը: Խթանվում է նաև պարարտանյութի արտադրությունը, մյուս կողմից սուբսիդավորվում վերջինիս ձեռք բերումը»,- տեղեկացրել է վարչապետը` ավելացնելով, որ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը ևս կրելու է շարունակական բնույթ: Բելառուսի և Ռուսաստանի հետ մշակվում է լիզինգային ընկերությունների ստեղծման հայեցակարգ, որի ներդրմամբ գյուղացիական տնտեսությունները ցածր տոկոսադրույքներով կկարողանան ձեռք բերել գյուղտեխնիկա: «Մեր առաջնահերթություններից մեկը մարզերում նոր ենթակառուցվածքների ներդրումն է, որպեսզի կյանքն այստեղ լինի հարմարավետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դպրոցաշինությունը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է լինելու: Ներկայում հանրապետության 300 դպրոցներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Անցում է կատարվելու նաև 12-ամյա պարտադիր կրթակական համակարգի: Պետությունը կերաշխավորի ուսումնարաններում, քոլեջներում երիտասարդների կրթության ֆինանսավորումը:
Առողջապահության բնագավառում կշարունակվի ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդարձնի քաղաքացիների համար: Պետությունը կֆինանսավորի սրտի վիրահատությունը և օնկոլոգիական թանկարժեք բուժօգնությունը:
«Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարութուն ծնող պատճառների վերացման համար: Սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների անդամների կրթական ծախսերը ևս կիրականացնի պետությունը, իսկ աշխատունակ անձանց համար կստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա լուծել իր կենցաղային խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տարածքների համաչափ զարգացման նպատակով պետությունն առաջին հերթին ֆինանասական միջոցներն ուղղելու է մարզեր: «Պետական, վարչական, տնտեսական բազմաթիվ ֆունկցիաներ այսօր կենտրոնացած են Երևանում: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը և ֆինանսական միջոցներն ուղղենք մարզերի զարգացմանը, միաժամանակ, բեռնաթափելով Երևանը: Քաղաքները պետք է ունենան մասնագիտացում, որն էլ կնպաստի մարզերի առաջանցիկ տեմպերով զարգացմանը»,- նշել է վարչապետը:
Քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրենց տեղը կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում:
ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային բնագավառների զարգացման և հիմնախնդիրների լուծման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով:
Վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցության պատվիրակությունը Սիսիանում ծաղիկներ է դրել կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Երևան վերադառնալու ճանապարհին Տիգրան Սարգսյանի գլխավորած կուսակցական պատվիրակությունը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ այցելել է Արարատ գյուղում գտնվող սպարապետի տուն-թանգարան: Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նաև նրա հիշատակին:  

← Վերադառնալ ցուցակին