Լուրեր
ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ. "ԱՅԺՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ"
05.03.2012
ԱՄՆ հորդորել է Իսրայելին զերծ մնալ Իրանի կամ վերջինիս միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժի կիրառումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման` իսրայելա-ամերիկյան հասարակական հարաբերությունների Հանձնաժողովի ամենամյա խորհրդաժողովի ընթացքում, որը կայացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ նախատեսված բանակցությունների նախօրեին:
"Հանուն Իսրայելի անվտանգության, Ամերիկայի անվտանգության, հանուն ողջ աշխարհում խաղաղության` հիմա ուժի կիրառման ժամանակը չէ: Դեռևս ժամանակ կա ճնշումն (Իրանի նկատմամբ) ուժեղացնելու և սատարելու լայնամասշտաբ գործողությունները միջազգային դաշինքի կողմից, որը մենք ենք արդեն ստեղծել", - ընդգծել է Օբաման:
Միևնույն ժամանակ, Սպիտակ Տան ղեկավարը Խորհրդաժողովի մասնակիցներին հավաստիացրել է, որ օգտագերծելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի թույլ չտրվի Իրանին միջուկային զենք ստեղծել:
Իր պատասխան խոսքում Իսրայելի Նախագահ Շիմոն Պերեսն ասել է. "Մեզ համար խաղաղությունն առաջնահերթ տարբերակ է: Սակայն մեզ հարկադրում են ուժի կիրառման դիմել, և հավատացած եղեք` մենք հաղթանակ կտանենք":
Այս հայտարարությունները, հավանաբար, կապված են ԱՄՆ-ում տարածված այն կարծիքների հետ, որ Իսրայելի սպառնալիքների արդյունքում Իրանի կողմից նավթի գնի բարձրացմամբ վերջինս լուծում է իր միջուկային ծրագրի ֆինանսավորման հարցը, ինչը, բնականաբար, չէր կարող հավանության արժանանալ առաջին հերթին հենց ԱՄՆ կողմից:
Հիշեցնենք, որ մինչ հանդիպումը լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ Նեթանյահուն պատրաստվում է վերջնաժամկետ դնել Օբամայի հետագա գործողությունների համար, այն է` "երկու ամսվա ընթացքում Իրանի միջուկային ծրագիրը չդադարեցնելու դեպքում Իսրայելը հարձակման կանցնի":
Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան զինվորական աղբյուրներից մեկն էլ պնդել է, որ հարձակումը լուրջ հետևանքներ կունենա, և, ամենայն հավանականությամբ, Իրանը պատասխան հարվածի կգնա, որին կարող են միանալ "Հըզբալլահն ու Համասը": "Դա իսկական պատերազմ կլինի",- նշել է աղբյուրը:
Բնական է, որ Արևմուտքն էլ է գիտակցում Իրանում ռազմական միջամտության լրջագույն հետևանքները, ուստի դժվար թե հնարավորություն տրվի Իսրայելին գնալ նման արկածախնդրության: Բացի այդ, հազիվ թե ռազմական հարված հասցնելու նախնական պայմանավորվածության պարագայում այսքան արծարծվեր ու շահարկվեր այդ թեման:
armedia.am