Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

05.03.2012

Մամուլի հաղորդագրություն

Մարտի 5-ին՝ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր այց Արարատի մարզ։ Շուրջ 70 երիտասարդ նախ հյուրընկալվեց սպարապետի տուն-թանգարանում։ Այստեղ երիտասարդները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անունից ծաղկեպսակներ դրեցին սպարապետի հուշարձանին: Երիտասարդ հանրապետականները տուն-թանգարանում ծանոթացան սպարապետի կյանքին, գործունեությանը, թանգարանի ավելի քան 1000 ցուցանմուշներին։
Երիտասարդների հաջորդ այցելությունը Վ. Սարգսյանի անվան զորամաս էր, որտեղ տեղի ունեցավ մեծ համերգային միջոցառում։ Ելույթներով հանդես եկան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Միջոցառման ընթացքում զորամասի 11 զինծառայողներ Վ. Սարգսյանի ծննդյան օրվա առիթով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով` ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության և կարգապահության համար: Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում Վ. Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Միջոցառումները մեկնարկել են մարտի 4-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում իրականացված հրաձգության մրցաշարով: «Երիտասարդները պետք է ավելի լավ ճանաչեն մեր սպարապետին, ավելի շատ տեղեկացված լինեն սպարապետի գործերի և սխրանքների մասին, որովհետև Վ. Սարգսյանն ապացուցեց, որ կյանքն արժևորվում է ոչ թե ապրած տարիների քանակով, այլ կյանքի որակական հատկանիշներով, որոնք օգտագործվում են ի նպաստ ազգի, երկրի և հասարակության: Այս բանաձևն էլ նա իր օրինակով փոխանցեց սերունդներին»,- հավելեց Կ. Ավագյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին