Լուրեր

Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալով

05.03.2012

Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում մարտի 5-ին տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ Վարզգես Սարգսյանը մուտքը հայոց պատմության թատերաբեմ այդ բարդ պահին, բխում էր հայ ժողովրդի դարավոր նպատակներից ու իղձերից:

«20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին, և այսօր, նրա ընտանիքի ու մարտական ընկերների հետ միասին հավաքվել ենք հիշելու մեր առաջնորդի, սպարապետի ու նախարարի հզոր և պայծառ կերպարը, ու ևս մեկ անգամ արժանին մատուցելու մեր ավագ ընկերոջ ապրող հիշատակին, ով պատմության ու ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա ամեն ինչ ասող, ամեն ինչ բնութագրող ու գնահատող մի քանի բառով՝ Հայաստանի և Արցախի Ազգային Հերոս: Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշեց, որ ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերի իր զավակին` ազգային բանակին:

Ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: 

← Վերադառնալ ցուցակին