Լուրեր

Գալուստ Սահակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանին

05.03.2012

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մարտի 5-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանի խնդրանքով Սահակյանն անդրադարձել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղություններին: Նրա գնահատմամբ` օրենսդիր մարմինը պետք է լինի երկրի կայունության հիմնական գործոններից մեկը, եւ այդ առումով ներկա խորհրդարանը համատեղել է իր ուժերը` դիմագրավելու տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերը: Մի կողմից փորձ է արվել օրենսդրական աշխատանքով բարենորոգելու տնտեսությունը, մյուս կողմից անհրաժեշտություն է առաջացել կայուն պահելու երկիրը` չվնասելով քաղաքական ուժերի ակտիվությանը: Անցած 5 տարիներին խորհրդարանը համագործակցել է գործադիր իշխանության հետ` կյանքի կոչելու տնտեսության զարգացման ծրագրերը: Այդ համագործակցության արդյունավետության մասին են փաստում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրած հաջողությունները, երկրի միջազգային հեղինակության աճը:

Այն հարցին, թե իշխող կուսակցությունն ինչպես է գնահատում գալիք խորհրդարանական ընտրությունների դերը Հայաստանի հետագա դեմոկրատական զարգացումների ու եվրաինտեգրման ակտիվացման գործում, Գալուստ Սահակյանն ասել է, որ երկրի ժողովրդավարական զարգացումների առումով նախորդ տարիների դրական ձեռքբերումների շարունակականությունը մեծապես պայմանավորված է լինելու Ազգային ժողովի գալիք ընտրություններով: Որպես իշխող քաղաքական ուժ` իրենք շատ լավ են գիտակցում, որ եթե ընտրություններում թերություններ արձանագրվեն, պատասխանատվության մեծ բաժինն ընկնելու է իրենց քաղաքական թիմի վրա: Խախտումները բացառելու նպատակով կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը այժմ բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնելու ընտրական գործընթացների վրա:

Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունն Ընտրական օրենսգրքի ուսուցում է կազմակերպում վստահված անձերի եւ ակտիվիստների համար` շատ լավ հասկանալով, որ օրենքի իմացությունը կբացառի կամ գոնե կնվազեցնի խախտումները: Անդրադառնալով կուսակցության համամասնական ցուցակին` Սահակյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու այս հարցում` ցուցակում ընդգրկելով քաղաքական եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ունակ, հասարակությանը հայտնի մարդկանց: Որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ կանանց ներգրավվածության առումով:

«Մեր կուսակցությունը շատ լավ է գիտակցում գալիք ընտրությունների դերն ու դրանք արդար անցկացնելու կարեւորությունը, ուստի կողջունի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն կունենան աջակցելու ընտրությունների վերահսկողությանը»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական- քաղաքական հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին