Լուրեր
Ա. Զաքարյան. ՀՀԿ-ի առաջարկները համապատասխանելու են հասարակության առաջարկներին
28.02.2012
«Մոտենում են հերթական ընտրությունները, որոնք պետք է կանխորոշեն մեր պետության ու հասարակության զարգացման հաջորդ հնգամյա գերակայությունները: Իսկ ովքեր են որոշելու, թե որոնք են այդ գերակայությունները, որոնք են այն կարևորագույն խնդիրներն ու անելիքները, որ պետք է դառնան քաղաքական օրակարգի մաս: Կան կուսակցություններ, որ այդ ամենի մասին, կամ ինչպես ընդունված է ասել հասարակության անունից հանդես են գալիս իրենց առանձնասենյակներում գրված ծրագրերով ու երևակայական պահանջմունքներով»,- այս մասին, ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյան:
«Մենք ճիշտ չենք համարում այդ մոտեցումը, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ այդ ծրագրերը կենսունակ լինել չեն կարող, քանի որ դրանցում չկա մեր հասարակության բոլոր խմբերի ու հատվածների կարծիքն ու ցանկությունները: Հարգելի գործընկերներ, պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության բոլոր ժամանակների ծրագրերը եղել են իրատեսական ու ընդունելի: Այս անգամ ևս մեր նպատակն է լինելու հանդես գալ այնպիսի նախընտրական ծրագրով, որը կարտահայտի մեր բնակչության լայն խավերի կարծիքն ու պահանջմունքները: Ասել է թե Հանրապետականի ծրագիրը լինելու է հասարակության ծրագիրը, Հանրապետականի առաջարկները համապատասխանելու են հասարակության առաջարկներին:
Հանրապետության Նախագահի առաջնորդությամբ, այս տարիների ընթացքում մենք հասարակության հետ եղել ենք ազնիվ և երբևէ չենք չարաշահել մեզ վստահված իշխանությունը` ստեղծելով համերաշխության և երկխոսության մթնոլորտ: Մեզ հաջողվել է գոյություն ունեցող ոչ նպաստավոր պայմանների առկայությամբ անգամ շարունակել ու ամրապնդել պետական ինստիտուտների կայացումը, մեր ռազմատենչ հարևանին խաղաղության պարտադրումը, հայտարարված բարեփոխումներով ժողովրդավարության հաստատումը, քաղաքացիների ամենատարբեր իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովումը, միջազգային հարթակներում ընկալելի և ընդունելի փոխշահավետ գործակցությունների զարգացումը:
Արդյունքում մենք բաց ճակատով ենք գնում դեպի ընտրություններ: Դեպի այն ընտրություններ, որով ևս պետք է ապացուցենք մեր հավատարմությունը որդեգրված ժողովրդավարական սկզբունքներին:
Մեր նպատակն է լինելու ունենալ իր պետության մեջ ամուր ոտքերի վրա կանգնող քաղաքացի, ով իր աշխատանքով ի զորու կլինի էապես բարելավել իր կենսամակարդակը»,- նշված է հայտարարության մեջ: