Լուրեր
ՀՀԿ-ն հասարակության հետ լինելով ազնիվ` ընտրություններին մոտենում է բաց դեմքով
26.02.2012
Հայաստանի հանրապետական կուսակցությունը լի է վճռականությամբ իրակնացնելու փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն են ունենալու ժողովրդի վրա: Այս մասին ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Իջևանում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ, որին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: «ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում հասարակության հետ եղել է ազնիվ և երբևէ չի չարաշել իր իշխանությունը` ստեղծելով համերաշխության և երկխոսության մթնոլորտ: Դրա արդյունքում էլ մենք բաց դեմքով ենք գնում դեպի ընտրություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` անցնող տարիների ընթացքում ամրապնդվել է պետությունը` պետական ինստիտուտները, ձևավորվել են կարողություններ, որոնք ուղղված են լինելու բնակչության կենսաամակրդակի բարձրացմանը: «Մենք շեշտադրում ենք կատարում ամուր ոտքերի վրա կանգնող քաղաքացու վրա, որն իր աշխատանքով էապես կբարելավի իր կենսամակարդակը»,- նշել է վարչապետը:
ՀՀԿ նախընտրական ծրագրում աշխատատեղերի ստեղծումը լինելու է գերակա խնդիր: Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվելու է ճյուղային արդյունաբերության զարգացման քաղաքականություն` 11 ուղղություններով, որոնք ապահովելու են նոր աշխատատեղեր:
Պատասխանելով հարցին` վարչապետը նշել է, որ մոտակա տարիների ընթացքում գյուղմթերքների իրացման խնդիր գյուղացին չի ունենալու: «Պետությունն էական ներդրուներ է կատարելու գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որոնք ապահովելու են մթերքների իրացում: «Զվարթնոց» օդանակավայանում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է գյուղմթերքների իրացումը և արտահանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, վարչապետը նշել է, որ գյուղմթերք վերամշակող և արտահանող մեծածախ ընկերություններին տրամադրվելու են լրացուցիչ արտոնություններ:
«2012-ին և հետագա տարիներին էապես բարձրանալու է գյուղմթերքի պահանջարկը, ինչը պայմանավորված է լնելու արտահանմանն ուղղված քաղաքականությամբ և համաշխարհային շուկայում առկա մեծ պահանջարկով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Պետությունը շարունակելու է նաև սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրերը: Ստեղծվելու են լիզինգային ընկերություններ, որոնք ցածր տոկոսադրույքներով վարկերի միջոցով գյուղտեխնիկան հասանելի են դարձնելու գյուղացու համար:
Էապես ավելացվելու է նաև ճանապարհաշինության ուղղված ֆինանսավորումը: Լրացուցիչ վարկային միջոցներ են ներգրավվելու միջազգային բարձրակարգ չափանիշներին համապատսխանող հյուսիս-հարավ ավտոճանապարհի և միջհամայնքային ճանապարհների կառուցման ուղղությամբ:
Կապիտալ ներդրումներն առաջին հերթին ուղղվելու են մարզերին, որտեղ ապահովվելու է առաջանցիկ աճի տեմպեր` մարզերում ենթակառուցվածքների բարելավվման միջոցով:
Առողջապահության ոլորտում բարձրացվելու է մատուցվող ծառայությունների որակը, ներդրվելու է առողջության ապահովագրման համակարգ: Քաղաքացու համար հասանելի է դարձվելու սրտի վիրահատությունն ու օնկոլոգիական բուժօգնությունը` պետության ֆինանսավորման միջոցով: Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա ստեղծվելու է նոր օնկոլոգիական կենտրոն, որը կհամապատասխանի միջազգային բարձրակարգ չափանիշներին: «Այսինքն, քաղաքացիներն ստիպված չեն լինի արտասահմանում իրականացնել ախտորոշում և բուժում: Պետությունը պարտավոր է անել այնպես, որ ցանկացած քաղաքացի ի վիճակի լինի իրականցնել սրտային վիրահատությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ նախընտրական ծրագրով շարունակվելու է տարածաշրջանում ամենահզոր և ամենամարտունակ բանակի զարգացման քաղաքականությունը, որով էլ ապահովվելու է երկրի ու ժողովրդի անվտանգությունը: «Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրվել են ավելի շատ սպառազինությամբ, քան նախորդ 15 տարիների ընթացքում: Անցնող տարիների ընթացքում մենք ամրապնդել ենք մեր մարտունակությունը` դրանով իսկ հակառակորդին պարտադրելով խաղաղություն»,- ասել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած նոր անդամներին, այդ թվում նաև բադմինտոնի Եվրոպայի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանին, անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսերը և հավաստիացրել, որ միասին հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները` երկրի համար ապահովելով կայունություն և զարգացում: