Լուրեր

ՀՀԿ նախընտրական ծրագրով` բոլոր ոլորտներում բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների խնդիրների լուծմանը

25.02.2012

Առաջիկա հինգ տարիների ընթացքում պետության ուշադրության կենտրոնում լինելու է քաղաքացին` իր խնդիրներով և մտահոգություններով: Այս մասին ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Վեդիում և Արտաշատում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ, որին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: «Բոլոր ոլորտներում բարեփոխումներն իրականացվելու են այս տրամաբանությամբ: Պետությունը պարտավոր է քաղաքացու համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա իր աշխատանքով ապահովել բարեկեցիկ կյանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն նման քննարկումների ժամանակ պետք է կարողանա ճիշտ գնահատականներ տալով` ձևակերպել իր առաջնահերթությունները և կազմել լավագույն նախընտրական ծրագիրը:
«Արդյունաբերական ճյուղային քաղաքականությամբ ստեղծվելու են ժամանակակից աշխատատեղեր, ինչը մեր առաջնային խնդիրն է, որը, համոզված եմ, կկարողանանք լուծել: Պետությունն այսօր դեմքով շրջվել է դեպի գյուղացին, ինչը նշանակում է, որ շարունակվելու են սերմնաբուծության, պարարտանյութի և դիզվառելիքի սուբիսադավորման ծրագրերը, արտոնյալ վարկային միջոցների տրամադրումը, գյուղտեխնիկայի հասանելիության պահովումը: Գյուղացին կտեսնի, որ առաջիկա 5 տարիներին կաճեն իր եկամոտները, ինչը մարզերի ու համայնքների զարգացման կարևորագույն խնդիրներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով` պետությունը շարունակելու է օժանդակել արտահանող և վերամշակող ընկերություններին` նրանց տրամադրելով հարկային արտոնություններ և վարկային արտոնյալ միջոցներ, ինչի արդյունքում առաջիկայում կաճեն ներդրումները գյուղմթերքի վերամշակման ոլորտում, որն էլ կնպաստի գյուղմթերքի իրացման աճին:
Անդրադառնալով սոցիալական ոլորտին` վարչապետն ասել է, որ այսուհետ ուշադրություն է դարձվելու սոցիալական անհավասարության պատճառների բացահայտման ուղղությամբ: «Մեր խնդիրն է լինելու սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին աշխատանքով և կրթությամբ ապահովելը, և պետությունը պարտավոր է լինելու հոգալու բոլոր այդ ծախսերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Առողջապահության ոլորտում ներդրվելու է առողջության ապահովագրման համակարգ, ինչի արդյունքում քաղաքացին հնարավորություն է ունենալու ստանալ անվճար բարձրորակ բուժծառայություններ: Քաղաքացու համար հասանելի են դարձվելու սրտի վիրահատությունները և օնկոլոգիական բուժօգնությունը:
Խոսելով վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` պետությունն ամբողջությամբ կատարել է իր սոցիալական բոլոր պարտավարությունները, ավելին` բարձրացվել են թոշակներն ու սոցիալական նպաստները:
«Անցնող տարիների ընթացքում պետությունը պատվով է լուծել իր կարևորագույն խնդիրներից մեկը` քաղաքացիների համար ապահովելով խաղաղություն և կայունություն: Գաղտնիք չէ, որ եթե մեր հակառակորդն զգա, որ կարող է պատերազմի միջոցով հասնել հաջողության, ապա անպայման դա կանի: Հակառակորդին խաղաղություն ենք պարտադրել` ունենալով մարտունակ, հզոր բանակ»,- ասել է վարչապետը: Նրա հավաստմամբ` առաջիկա տարիներին ևս պետությունը շարունակելու է նման քաղաքականությունը` լուծելով սպառազինությունների մարտունակության խնդիրը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ անցնող հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ին իր ղեկավարի ջանքերով հաջողվել է երկխոսության կամուրջներ կառուցել և հասարակության մեջ վերացնել բոլոր անջրպետները: «ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում իր կուսակիցների, ընտրողների և ժողովրդի առջև եղել է ազնիվ: Մենք ինքներս ենք բացահայտել մեր խնդիրները և դրանց լուծման երաշխիքը դա է: Այսօր հասարակության մեջ ապահովվել է երկխոսության և հանդուժողականության մթնոլորտ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` սա ՀՀԿ-ի կարևորագույն նվաճումներից մեկն է և այն հենքը, որը հնարավորություն է տալու կառուցել մեր երկրի բարեկեցիկ ապագան:
Հանդիպումների ընթացքում Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած նոր անդամներին անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսերը և հավաստիացրել, որ միասին հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները` երկրի համար ապահովելով կայնություն և զարգացում:

← Վերադառնալ ցուցակին