Լուրեր

Պետությունը ձեռնամուխ է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը

24.02.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին:
Վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության հիմնադրույթները, որոնք մշակվել են ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ:
Ինտեգրված սոցիալական ծառայության ներդրումը համարելով գերակա խնդիր՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակված հայեցակարգով իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնք ցույց են տալիս այս ծառայության արդյունավետությունը: «Մեր նպատակն է ունենալ մեկ պատուհանի սկզբունքով աշխատող գրասենյակներ և սոցիալական ծառայողներ, ովքեր քաջատեղյակ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների բոլոր խնդիրների մասին ու ամբողջական պատկերացում կկազմեն, թե այս կամ այն ընտանիքն ինչի կարիք ունի և որն է նրա համար առաջնային խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար պետությունը եկամուտների ավելացման քաղաքականությունից անցում է կատարում ընտանիքների մարդկային կարողությունների ավելացման քաղաքականությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սոցիալական անհավասարություն ծնվում է երկու պատճառով՝ աշխատանքի բացակայության և կրթության անհասանելիության:
«Պետության ֆինանսական միջոցներն ուղղվելու են սոցիալապես խոցելի ընտանիքների անդամներին աշխատանքով և կրթությամբ ապահովմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է հնարավորություն ստանում կրթություն ստանալ բուհերում, այն դեպքում, երբ ապահովված ընտանիքների երեխաների 82 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն: «Սա սոցիալական անհավասարություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Դա նշանակում է, որ պետությունն է հոգալու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթութան ծախսերը՝ պետպատվերի միջոցով: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի կրթությունը չշարունակելու պատճառ»,- ընդգծել է վարչապետը: 

← Վերադառնալ ցուցակին