Լուրեր
Պարգեւատրում Ազգային ժողովում` Մայրենի լեզվի օրվա առթիվ
21.02.2012
Փետրվարի 21-ին Երեւանի եւ մարզերի դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ եւ հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգեւատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:
Շնորհավորելով մանկավարժներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասաց.
«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ շատ ուրախ եմ, որ ձեզ հյուրընկալելու առիթը Մայրենի լեզվի օրն է: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր: 2005 թվականից այն ընդգրկվեց նաեւ մեր պետական տոնացույցում:
Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն շարունակում է իր հավերժական շրջանառությունը` երաշխավորելով ու ապահովելով հայ ժողովրդի երթն ապագայի տեսլականում:
Սիրելի ուսուցիչներ եւ դասախոսներ, դուք այն մարդկանցից եք, ովքեր շատ լավ գիտեն մայրենի լեզվի արժեքն ու նշանակությունը, ավելին, իրենց ամենօրյա գործունեությամբ զբաղված են այդ ամենը սերունդների մեջ ներարկելով: Համո Սահյանն ասում էր. «Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի»: Մեր լեզվի նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքի հանրագումարով են ապացուցվում սահյանական այն տողերը, որ մեր լեզուն մեր խիղճն է, մեր հոգու արդար կանչը, մեր ինքնության աղն ու մեր կշիռն աշխարհում: Այդ մասին պետք է մտածենք ամենքս եւ ամենուր, որովհետեւ լեզվի պահպանությունն սկսվում է ընտանիքից, լիարժեք կյանք ստանում դպրոցում եւ մեր վերաբերմունքի միջոցով շարունակվում ողջ կյանքում:
Պատմության շրջափուլերում նաեւ մայրենի լեզվի շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր կենսունակությունը` լեզվի դեմ ոտնձգությունն ընդունելով որպես ոտնձգություն մեր կյանքի ու հոգու դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ, մեր ինքնության դեմ: Լեզվի շնորհիվ հաղթահարել ենք մեր ինքնահաստատման ճանապարհի անգամ անհաղթահարելի թվացող հատվածները: Հաղթահարել ենք դար դարի ետեւից, որովհետեւ հայ զինվորից բացի ունեցել ենք եւ ունենք նաեւ հայ ուսուցիչ, ով իր գործով հնչյունն ու տառը դարձրել է ոչ պակաս զորավոր, քան զենքն է, եւ սովորեցրել դրանք գործածել: Ունեցել ենք եւ ունենք լեզվի ու բառի գիտնական մշակներ, ովքեր միշտ հիշեցրել են, որ լավ է կույր լինել աչքով, քան կույր` մտքով, որովհետեւ մտքով կույր ազգերի ապագան անհեռանկար ու մշուշոտ է:
Հարգելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր աշխատանքի, լեզվապահպան, ուրեմն եւ` ազգապահպան ձեր գործունեության համար, որն իրականացնում եք առանց ցուցամոլության եւ ամպագոռգոռ խոսքերի, այն ըմբռնումով, որ ձեր աշխատանքի գնահատականը ժամանակինն ու սերունդներինն է:
Անշուշտ, նույն ժամանակի անխուսափելի պարտադրանքից է բխում մայրենի լեզվի գերակայությամբ նաեւ օտար լեզուների տիրապետելու` երբեք չհնացող անհրաժեշտությունը: Բայց ոչինչ չի կարող ավելի բարձր գտնվել մայրենի լեզվի առաջնայնության գիտակցումից:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, հաջողություններ եւ նվազագույնը` հարգանք ձեր պատվաբեր աշխատանքում: Ընդունեք, խնդրեմ ձեզ հանձնված պարգեւները իբրեւ ձեր անգնահատելի աշխատանքի համեստ գնահատական»:
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին պարգեւի համար` ընդգծելով, որ այն ավելի է պարտավորեցնում հետեւողական լինել, զարգացնել հայոց լեզուն` դրանով նպաստելով մեր երկրի ամրապնդմանը: Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանի կարծիքով` ազգի ապագան ոչ միայն մայրերի, այլեւ ուսուցիչների եւ առաջին հերթին մայրենի լեզվի ուսուցիչների ձեռքերում է նաեւ: Նա երախտիքի խոսք ասաց ԱԺ նախագահին մայրենիի օրը իրենց գնահատելու համար, ինչը, ըստ տիկին Իսրայելյանի, կրկնակի պատիվ է:
ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով պարգեւատրվեցին Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանը, Երեւանի թիվ 83 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ջուհարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Եղիշյանը, ՀՀ Շիրակի Մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պարոնյանը, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Մելիքյանը, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ավագ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ղուկասյանը, ՀՀ Արարատի մարզի Վեդու ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը եւ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա էր եւ շնորհակալական խոսք ասաց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: