Հարցազրույցներ

Որտեղ կա փողի միջոցով ծառայության ժամկետի կրճատման հնարավորություն, արդեն իսկ խնդիր է. Տիգրան Աբրահամյան

23.01.2026

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահաման, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը 27–37 տարեկան պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ծառայել և (կամ) վճարել գումար՝ մարելով իրենց պարտքը: Ձեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, ինչո՞ւ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս փոփոխության հետ կապված:

– Նախ ասեմ, որ այս օրենքն ավելի վաղ ընդունված է եղել, հիմա ուղղակի փոփոխություն է կատարվել, որովհետև բուն օրենքն իր այս փիլիսոփայության մեջ ավելի վաղ է ընդունված եղել: Ինչ վերաբերում է դիրքորոշմանը. հակասական երկու իրավիճակի հետ գործ ունենք, մի կողմից ունենք իրադրություն, երբ մարդիկ գտնվում են դրսում ու հետ գալու հետ կապված խնդիր ունեն՝ առաջին հերթին կապված զինծառայության հետ, ու հենց այդ պատճառով կա՛մ չեն գալիս, կա՛մ դիմում են այլ անօրինական միջոցների: Մյուս կողմից էլ՝ խնդիր կա գաղափարական առումով, որ կան մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ունեն որոշակի ֆինանսական հնարավորություններ, որոնք կարող են օգտվել օրենքի հնարավորությունից, իրենց որդիներին, օրինակ՝ որոշ տարիքում ուղարկել դուրս, ապահովել որոշակի կրթությունը, գործունեությունը, հետո՝ 27տարին լրանալուց հետո, բերել Հայաստան, վճարել դրա համար գումար ու ազատել ծառայությունից: 

Այստեղ նաև ինձ համար կա որոշակի սկզբունքի խախտում՝ կապված անարդարության զգացման հետ, որ չստացվի այնպես, որ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ կարող են օգտվել օրենքի տված հնարավորությունից ու վճարել և չգնալ ծառայության: 

Երկրորդ հանգամանքը ևս կա, քանի որ կան տարբեր սանդղակներ՝ գումարի չափի ու ծառայության ժամկետի հետ կապված, իսկ սա անհավասարության ու որոշակի խտրականության դրսևորում է: Ու մեր մոտեցումը, որն արտահայտվել է քվեարկության տեսքով, պայմանավորված է եղել այս ամենով: 

– Ըստ էության, համամիտ եք այն կարծիքներին, որ այս փոփոխությունն առաջացնում է սոցիալական անարդարության զգացում:

– Միանշանակ, բայց ինչո՞ւ դեմ չենք քվեարկել, որովհետև տարբեր տարիներին այս հարցի մասով որոշակի կիսալուծումներ են եղել, այս պահին էլ չկա ավելի լավ լուծում, բայց մյուս կողմից էլ՝ առաջանում են գաղափարական, սկզբունքային խնդիրներ՝ անհավասարության, անարդարության, այսինքն՝ սա մնացել է կիսալուծում:

-Կարո՞ղ է այս փոփոխությունը խնդիրներ ստեղծել բանակի հեղինակության և հանրային ընկալման տեսանկյունից:

– Արդեն ասացի, որ գաղափարական առումով եմ դեմ այս փոփոխությանը, քանի որ որտեղ կա փողի միջոցով ծառայության ժամկետի կրճատման հնարավորություն, արդեն իսկ խնդիր է, դա անհավասար դաշտ է ստեղծում այս տեսանկյունից: Երբ մենք սկսում ենք ծառայությունը քննարկել հնարավորությունների տեսանկյունից, դա արդեն խնդիր է մեզ համար: 

– Պարո՛ն Աբրահամյան, իսկ այս փոփոխությունը կնպաստի՞ նրան, որ այդ երիտասարդները վերադառնան Հայաստան:

– Ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ կվճարեն այդ գումարն ու կգան, որպեսզի հետագայում Հայաստան այցի հետ կապված խնդիր չունենան, բայց մյուս կողմից էլ տեսնում եմ, որ որոշ մարդիկ, որոնք ունեն ֆինանսական միջոցներ, կարող են օգտվել այս օրենքի հնարավորությունից, որոշակի տարիքում իրենց որդիներին դուրս հանել, այնտեղ կրթության տալ և այլն, իսկ 27տարին լրանալուց հետո վճարել այդ գումարը ու փաստացի ազատել ծառայությունից: 

– Զուգահեռ մեկ այլ փոփոխություն է կատարվում, որին դարձյալ ձեռնպահ եք քվեարկել, որը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրկված բուհերում ուսման հիմքով տարկետում ստացած քաղաքացիներին: Նրանք հնարավորություն կունենան ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտներում՝ դրանից հետո ազատվելով զինծառայությունից։ Այս փոփոխությանը ձեռնպահ քվեարկելու որոշումն ինչո՞վ եք պայմանավորում:

– Ես մտածում եմ, որ մեզ նման փոքր ժողովուրդները պետք է իրենց մարդկային ռեսուրսները շատ ավելի հաշվարկված ու արդյունավետ կիրառեն: Այն երիտասարդները, որոնք սովորում են վարկանիշային բուհերում, ու այդ մարդկանց պետությունն ազատում է ծառայությունից, դրանք մարդիկ են, որոնք մեր երիտասարդության մեջ ունեն կոնկրետ, ընդգծված կրթական բարձր ցենզ, որոնց դերը շատ կարևոր է զինված ուժերում: Ես կարծում եմ, որ այս մարդիկ պետք է գոնե վեց ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնեին ուսումնական զորամասերում այնպիսի մասնագիտություններով, որ ամեն մարդ չունի այդ մասնագիտությունը սովորելու և ըմբռնելու այդ հնարավորությունը: 

Զինված ուժերում մենք ունենք այնպիսի հաստիքներ այնպիսի զորատեսակներում, որոնց համար նույնիսկ սովորական պայմաններում դժվար է գտնել մարդկանց, որ և՛ կհամաձայնեն անցնել զինվորական ծառայության, և՛ կունենան այդ մասնագիտական գիտելիքները: Այս իրավիճակում վարկանիշային բուհերում կրթություն ստացած այդ մարդկանց գիտելիքները, եթե ոչ այսօր, ապա ինչ-որ փուլում կարող էին երկրի համար շատ կարևոր դառնալ: Այս մասով, կարծում եմ, պետությունը պետք է ներսում ընտրեին նեղ մասնագիտություններ, վեց ամսվա զինվորական ծառայություն ունենային այդ մարդիկ, յուրացնեին դա ու ընդգրկվեին պահեստազորում: 

– Այսինքն՝ որակյալ մասնագետների՞ է պետությունը բաց թողնում համակարգից:

– Այո՛, ես հիմա չեմ ուզում ավելի բաց տեքստով ասել, բայց զինված ուժերում կան նեղ մասնագետների հաստիքներ, որոնք այսօր թափուր են, որովհետև նախ՝ կա որոշակի աշխատանքային պահանջարկ՝ աշխատավարձ, ժամանակ, երկրորդ՝ ամեն մարդ չէ, որ համապատասխանում է մասնագիտական այդ որակներին: Այսինքն՝ պետությունը ինքը պետք է ըստ հաստիքացուցակի առանձնացներ, իր համար անհրաժեշտ կուրս մշակեր՝ 4-6 ամիս, ու այս պարագայում այդ մարդիկ այդ կուրսը կանցնեին ու կընդգրկվեին պահեստազորում, ու եթե դրա անհրաժեշտությունը լիներ, այդ մարդիկ կծառայեին իրենց երկրին ոչ թե այդ պահին հրաձգային զենքով, այլ իրենց գիտելիքներով:

– Այս փոփոխություններից հետո հնչեցին տեսակետներ, որ բանակը շարունակում է մնալ սոցիալապես անապահով խավի երեխաների հույսին, ստացվում է իրոք այդպե՞ս է:

– Մեծ առումով արտերկրում ուսման հնարավորություն գերակշիռ մեծամասնությամբ ստանում են մարդիկ, որոնք բնականաբար ունեն միջինից բարձր սոցիալական հնարավորություններ: Չեմ ուզում հարուստների ու աղքատների բաժանում մտցնել, բայց, բնականաբար, կա օբյեկտիվ հանգամանք այն տեսանկյունից, որ արտերկրում սովորելու հնարավորությունից օգտվելու համար միայն միջինից բարձր կրթական ունակություններ ունենալը բավարար չէ:

– Պարո՛ն Աբրահամյան, ըստ էության, երբ պետությունը նման փոփոխություններ է կատարում՝ նշելով, որ նպատակը բանակի հզորացումն է, որակի բարելավումը, որքանո՞վ են դրանք իսկապես նպաստում ավելի մարտունակ բանակ ունենալուն:

– Եթե նոր օրենք են ընդունում, դա դեռ չի նշանակում բարեփոխում, փոփոխությունների դինամիկան կախված է դրա արդյունքից: Մի մասը դա չի հասկանում, մի մասն էլ միտումնավոր ու հասկանալով խեղաթյուրում է իրականությունը: Այն քայլերը, որոնք արվում են, սկսած պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումից, արված չէին անվտանգային հաշվարկի հիման վրա, այլ՝ ներքաղաքական հաշվարկի, կոնկրետ ընտրական գործընթացի, որովհետև զինված ուժերն այս պահին չի կարողանում ապահովել համալրվածության այնպիսի աստիճան, որ կարողանա մարտական խնդիրների իրականացման բարձր արդյունավետություն ապահովել: Բայց բնական է, չէ՞, որ իշխանությունը սա ներկայացնում է որպես բարեփոխում: 

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասով իշխանությունը ներկայացնում է միայն այն պարամետրերը, որտեղ որոշակի դրական դինամիկա կա, չի ներկայացնում մյուս պարամետրերը, որ հնարավորություն կտա քաղաքացիներին գնահատել ու տեսնել բացասական բալանսը: Իշխանությունն ասում է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մարդիկ են ներգրավվում, բայց չի ասում, թե մեկ զորակոչը քանի՛ երիտասարդ է կազմում, որ հասարակությունը հասկանա, թե այդ մեկ զորակոչի կրճատումը երկու տարվա կտրվածքով քանի զինծառայողի նվազման է բերում, որպեսզի կարողանա նաև համեմատել, թե երկու տարվա ցիկլով, այսինքն՝ չորս զորակոչով «Պաշտպան հայրենյացով» զորակոչված մարդկանց թիվը և հետո էլ կրճատման հետևանքը իրար համարժե՞ք են, թե՞ չէ, իսկ դրանք համարժեք չեն: Ես տիրապետում եմ այդ թվերին, ուղղակի դրանք գաղտնիության ներքո են, ու հանրայնացնելու հնարավորություն պարզապես չկա: 

Քրիստինե Աղաբեկյան

 

MediaLab.am


← Վերադառնալ ցուցակին