Հարցազրույցներ
Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում». Շարմազանով
05.12.2025
Արշակ Սրբազանը կալանավորվեց բացառապես քաղաքական նպատակով, նա դարձավ 4-րդ քաղբանտարկյալ Սրբազանը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հիշեցրեց, որ Արշակ Սրբազանն այն եկեղեցականներից մեկն է, որը 2020թ-ից հետո քննադատել է Նիկոլ Փաշինյանի ակնհայտ հակահայ քաղաքականությունը:
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այն սրբազանների թվին է պատկանում, ով քարը քարին չէր թողնում Նիկոլի վարած քաղաքականությունը քննադատելու հարցում: Բայց թե ինչու՞ հիմա ձերբակալեցին, որովհետև դեկտեմբերի 10-12-ին տեղի է ունենալու եկեղեցական ժողով, և խնդիր կա ներսից քայքայել Եկեղեցին ու թուլացնել այն սյուները, որոնք պինդ կանգնած են Վեհափառ Հայրապետի շուրջը»:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ինքը չի զարմանա, եթե հաջորդը կալանավորվի հենց Կաթողիկոսը:
«Փաշինյանը քիչ-քիչ ա անում, փորձում ա շանտաժի միջոցով թուլացնել Եկեղեցին, հասնել նրան, որ Վեհափառն ինքնակամ հրաժարական տա: Բայց նա հրաժարական չի տա, քանի որ գիտակցում է՝ 1700-ամյա Եկեղեցու Հովվապետ մնալու, Լուսավորչի գահին հավատարիմ լինելու, Եկեղեցին ազգային շահերին ծառայեցնելու առաքելություն ունի»:
ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց, որ հասարակությունը պիտի կանգնի Վեհափառի կողքին, սա արդեն միայն ընդդիմության գործը չէ: Հարցին՝ իսկ թե ինչո՞ւ ժողովուրդը որտքի չի կանգնում, Շարմազանովը պատասխանեց, որ ժողովրդի ներսում վախի մթնոլորտ կա:
«Փաշինյանը սեփական ժողովրդին ահաբեկելու քաղաքականություն է վարում, մարդիկ մտածում են՝ եթե սրբազաններին ու Սամվել Կարապետյանին ա կալանավորել, մենք ո՞վ ենք, որ մեզ չկալանավորի, ասում են՝ խելոք ապրենք, բայց տենց չի կարա շարունակվի: Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավն էլ մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք անտարբերության են մատնել այս ամենը, պետք է գիտակցեն՝ «իրենց անտարբերությամբ կամա թե ակամա կարող են նպաստել հակաեկեղեցական այս արշավին»:
Հասմիկ Կիրակոսյան
24news.am
