Հարցազրույցներ

Ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական չի տալու, եթե նույնիսկ նրան կալանավորեն, բայց պառակտվելու է Եկեղեցին. Շարմազանով

06.11.2025

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հովհաննավանքում մասնակցում է կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին։ Ի՞նչ նպատակի իրագործմանն է փորձում հասնել Փաշինյանը սրանով։

– Սա Նիկոլ Փաշինյանի նպատակը չէ, նրան, իմ կարծիքով, հանձնարարված է իրականացնել այս պլանը, ու դա հանձնարարել է 2018-ին Ջոն Բոլթոնը կամ նրա շուրթերով։ Ջոն Բոլթոնն ասել էր, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից, իսկ դրա մեջ մտնում է Արցախից հրաժարումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, հայ-ռուսական դաշինքից հրաժարումը, ինչպես նաև Եկեղեցու դերի թուլացումը, Նիկոլ Փաշինյանն էլ դա սրբորեն իրականացնում է։ 

Երկրորդ՝ այստեղ կա նաև աշխարհաքաղաքական խնդիր, ակնհայտ է, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն, ու նրանք դա այլևս չեն էլ թաքցնում: Դրա վառ ապացույցն էլ այն էր, որ Կառավարությունը հավանություն տվեց, իսկ խորհրդարանն էլ հաստատեց այն, որ Հայաստանը ցանկություն ունի անդամակցելու ԵՄ-ին։ 

Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու կապը ավանդաբար ամուր է եղել, նրանք քույր եկեղեցիներ են, և ես չեմ բացառում, որ նրանք փորձում են Եկեղեցում իշխանափոխություն անելու միջոցով նաև վերջ տալ այդ պատմական կապին ու Երրորդ հանրապետության հիմքերին։ 

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Երրորդ հանրապետությանը, իսկ Երրորդ հանրապետության գաղափարական ու բովանդակային հիմքերի մեջ մտնում է նաև Եկեղեցու բացառիկությունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Նիկոլ Փաշինյանի արածը բացահայտ Սահմանադրության խախտում է և հակաօրինական գործողություն, որևէ պաշտոնյա իրավունք չունի քիթը մտցնել Եկեղեցու ներքին գործերի մեջ։ 

Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր բան է արել․ եթե 2020-ից հետո գլխավոր թեման Նիկոլի հրաժարական տալ-չտալն էր, հիմա նա հասավ նրան, որ թեման դարձավ Վեհափառի հեռանալ-չհեռանալը, այսինքն՝ նա քաղաքական օրակարգ է փոխել, իսկ սա շատ լուրջ խնդիր է, ու, բնականաբար, այս ամենը նա չէր կարող անել առանց Արևմուտքի օգնության։ Եթե Արևմուտքին սա ձեռնտու չէ, ապա ինչո՞ւ են լուռ, ինչո՞ւ ձայն չեն հանում։

– Իսկ այդ նպատակի իրագործումը հաջողվելո՞ւ է։

– Կցանկանամ, որ չհաջողվի, բայց դրա համար պետք է քաղաքական ու հոգևոր դաշտը գիտակցի, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Մարդկանց թվում է, թե Նիկոլը քնել արթնացել է ու սա է որոշել, չէ՛, սա ծրագիր է, որը տվել է Բոլթոնը։ Որպեսզի կարողանաս մի բան կանխել, պետք է գտնես դրա պատճառը, իսկ մեր քաղաքական ընդդիմադիր դաշտի 99 տոկոսը չի գիտակցում, որ այս խնդիրը նախևառաջ աշխարհաքաղաքական է, այլ ոչ թե դավանաբանական։ 

Ես զարմանում եմ, որ կան ուրախացողներ, թե Փաշինյանը Հովհաննավանքում շատ մարդ չի կարողանում հավաքել, փաստ է, որ նա մի եկեղեցի Մայր Աթոռից վերցրել է, հաջորդը Թալինի եկեղեցին է, հիմա նա պլյո՞ւս է, թե՞ չէ։ Ինչպես Ալիևը օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպես էլ Փաշինյանին ու իր արտաքին հովանավորներին հաջողվել է առնվազն երեք հոգևորական ու մեկ եկեղեցի իր տիրապետության տակ առնել։ Կրկնում եմ՝ սա ծրագիր է։ 

-Պարո՛ն Շարմազանով, ձեր գնահատմամբ՝ խոսո՞ւմ ենք համակարգված քաղաքական ծրագրի մասին, թե՞ սա պարզապես իշխանության և Եկեղեցու միջև շարունակվող լարվածության հերթական փուլն է։

– Պետք է գիտակցել նախ, որ սա հստակ ծրագիր է, ու ըստ այդմ ունենալ ծրագիր, ու նաև Եկեղեցին պետք է քայլեր անի, ինչ իմանամ։ Քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, այս խնդիրները լինելու են, նա հակաթոռ կաթողիկոսություն է փորձում ստեղծել, ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական չի տալու, եթե նույնիսկ նրան կալանավորեն, բայց պառակտվելու է Եկեղեցին։ Նրա նպատակը Վեհափառի լինել-չլինելը չէ, նրա նպատակը Եկեղեցու բացառիկության դերը նվազեցնելն է։ Եկեղեցին միակ ինստիտուտն է մնացել, որ խոսում է Արցախի հայկականությունից, Ցեղասպանության ճանաչման իրավունքից, իսկ դրանից պետք է ազատվել։ 

-Ձեր գնահատմամբ՝ այս պահին քաղաքական և հոգևոր կառույցները ունե՞ն հստակ ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր, որը կկարողանա կանխել այն գործընթացները, որոնց մասին դուք խոսում եք, թե՞ նման ծրագիր այս փուլում պարզապես բացակայում է։

– Կարող է ծրագիր ունի, բայց դա կյանքի չի կոչվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, իսկ նա մնացել է իշխանության, որովհետև ունի արտաքին հովանավորություն, վե՛րջ։ Հիմա, եթե այդ հովանավորությանը հակազդեցություն ցույց տրվի, կարող է իրավիճակ փոխվել, ազգային համախմբում է պետք, սա Գարեգին Երկրորդի խնդիրը չէ, սա Եկեղեցու միասնական մնալու խնդիրն է։ 

Կրկնում եմ՝ Նիկոլի խնդիրը մարդ հավաքելն ու Հովհաննավանքը չէ, նրա խնդիրն է Եկեղեցին աստիճանաբար պառակտելը, Եկեղեցու դերը նվազեցնելն ու այն իր ազդեցության տակ վերցնելը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին