Դե, մենք արդեն մեկնաբանել ենք սա, որ սա ագրեսիվ բառապաշարի ևս մեկ փուլ է, որը պարզապես տարակուսանք է առաջացնում, մայիսի 6-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների։ «Մայիսի 5-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, գնահատելով երկրի ներքաղաքական իրավիճակը, բառացիորեն մեղադրեց Մոսկվային հիբրիդային պատերազմի մեջ։ Նա հայտարարեց, որ դրա վրա դրսից մեծ գումարներ են ծախսվում, և, միևնույն ժամանակ, մանրամասնեց, որ դա հյուսիսային հարևանից է, համաձայնեց լրագրողների ակնարկի հետ և ասաց, որ այո, դա Ռուսաստանից է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից հիբրիդային պատերազմի մասնակիցները փորձում են փոխել իշխանությունը Հայաստանում։ Ի դեպ, Սիմոնյանն այս հայտարարությունն արեց անմիջապես Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ընդունելուց հետո», - ասաց լրագրողը։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմի մասին կարող ենք խոսել Հայաստանի ղեկավարության դեմ, երբ, ինչպես հասկանում ենք, Հայաստանը ներկայացված կլինի այստեղ կայանալիք միջոցառումներին։ Եվ ամենաբարձր մակարդակով շփումները պարբերաբար տեղի են ունենում արտաքին գործերի նախարարությունների միջոցով։ Մենք միայն խոսում ենք փոխգործակցության և համագործակցության մասին, ինչպես նաև տնտեսական գործիչների միջև։ Ինձ թվում է, որ սա չի համապատասխանում ձեր նշած Հայաստանի խորհրդարանի նախագահի դիրքորոշմանը։ Ինձ թվում է, որ նրանք պետք է ինչ-որ ընդհանուր դիրքորոշում մշակեն այս հարցում։ Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ այն, ինչ նա կասեր՝ կա՛մ ինչ-որ մեկի հրահրմամբ, կա՛մ ինքնուրույն, կարող էր իրականում տեղի ունենալ։ Կրկին եմ ասում. որևէ մեկը կփորձի՞ գոնե ինչ-որ փաստեր ներկայացնել։ Դե, դա հնարավոր չէ։ Սա արևմտյան բրյուսելյան մեթոդաբանության որոշակի վերափոխում է, այն պարզապես անարժան է», - ասաց Զախարովան։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովին «Հրապարակը» հարցրեց` ինչու են ՀՀ իշխանությունները հերթական սեպը խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, ինչո՞ւ են սադրում ՌԴ-ին եւ ինչ է նշանակում Զախարովայի հայտարարությունը: Շարմազանովը մեզ հետ զրույցում նկատեց.
- Անկեղծ ասած ես չեմ ցանկանում մտնել դրանց փոխհրաձգության մեջ, բայց մի բան հստակ է, մայիսի 9-ին Նիկոլայը գնում է Մոսկվա: Մեր ռուս բարեկամները կարող են այդ բոլոր հարցերը բարձրաձայնել, տեսնենք` կբարձրաձայնե՞ն, թե՞ ոչ: Դրանից հետո Հայաստան են գալու Վալենտինա Մատվիենկոն, Սերգեյ Լավրովը, տեսնենք նրանք Ալեն Սիմոնյանին կտա՞ն հարց, թե ինչու է վերջինս նման հայտարարություններով հանդես գալիս: Ո՞վ է իրենց ձեռքը բռնել, թող այդ բոլոր հարցերը բարձրացնեն:
-Ի՞նչ եք ակնարկում:
- Հիշեցի ժողովրդական հայտնի ասացվածքը՝ եղունգ ունես գլուխդ քորի: Մեր խնդիրները պիտի մենք լուծենք: Ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներից եմ ու միշտ ասել եմ, որ Հայաստանը չունի ընտրության մեծ հնարավորություն, որ մեր շահերից է բխում՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններ խորացնելը: Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից դժվար, թե ունենանք: Մենք դավանում ենք նաև նույն քաղաքակրթական արժեքները, սակայն քաղաքականության մեջ, միշտ չէ որ առաջին պլանում արժեքներն են լինում: Ալեն Սիմոնյանի շեֆը առաջիկայում կգնա Մոսկվա, կտեսնենք…. Բայց ասեմ, որ չեմ բացառում, որ Նիկոլը Մոսկվայում ասի՝ այ ցավդ տանեմ, ես ի՞նչ կապ ունեմ Ալեն Սիմոնյանի հետ: Նա բացի մեկից բոլորին փուռն է տալու:
- Ո՞վ է այդ մեկը:
- Ինձնից լավ գիտեք, բայց չեմ ասի, թողեք գաղտնի մնա: Ալեն Սիմոնյանի հայտարարություններն իրականում Նիկոլի հակառուսական քաղաքականության հետևանքն են: Եթե Փաշինյանը տարիներ առաջ հայտարարեց, որ ռուսական ներկայությունը Հայաստանի համար ռազմական սպառնալիք է, եթե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն Հռոմի ստատուս է վավերացնում, եթե ՔՊ-ականները հայտարարում են, որ եթե Պուտինը մտնի Հայաստան, կալանավորելու են, իսկ Նիկոլը լռում է ու չի սաստում իր թիմակիցներին, էլ ինչի՞ց կարելի է զարմանալ, այդքանից հետո: ՀԱՊԿ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը Պուտինին բերեց հասցրեց Հայաստան, ամբողջ աշխարհի առաջ խայտառակ արեց, հակադրվեց ու ոչ մի փաստաթղթի տակ չստորագրեց, էլ ի՞նչ կարող ենք սրանցից սպասել: Ժամանակին նույն Ալենն ասում էր` ՔՊ-ն պրոռուսական իշխանություն է, ստացվում է, որ այդ մարդը զուտ հրահանգներ կատարող է, իրեն ինչ ասում են, դա էլ կրկնում է: Հիմա էլ հրահանգել են ՌԴ-ին հիբրիդային պատերազմի մեջ մեղադրել, մեղադրում է, ի՞նչ կա որ…. վաղն էլ Նիկոլը կասի` ասեք սալամ ալեյքում, հերթով կկրկնեն սալամ ալեյքում: Հաջորդ օրն էլ կարող են ասել, որ Պուտինն իրենց իդեալն է: Սրանք բոլորը քաղաքականությունից հեռու մարդիկ են, նայած, թե տվյալ պահին իրենց ղեկավարն ինչ SMS կգրի, իրենք անմիջապես 180 աստիճանով կփոխվեն:
- Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը մայիսի 9-ին մեկնում Մոսկվա:
- Մեկնում է, որովհետև դեռ ռուս-ուկրաինական խնդիրները չեն լուծվել, հենց հասկացավ Նիկոլը, որ Ռուսաստանը հաղթում է, տեսեք` ինչ է կատարվելու, Պուշկինից, Գրիբոյեդովից, Լերմոնտովից սկսած, Զախարովայով վերջացրած սկսելու են պաշտել: Ուղղակի այստեղ մի խնդիր կառաջանա իրենց համար՝ Մոսկվան արցունքներին չի հավատա: Այս իշխանությունն ունի հստակ կողմնորոշում՝ թրքահպատակություն, սա է նրանց երազանքը: Ուղղակի, երբ ՌԴ-ի դիրքերը ուժեղանան, շիստյորկի կարգավիճակից դառնալու են հաճախորդ: Սրանք ոչ դաշնակից կարող են լինել, ոչ գործընկեր: Նա միջազգային արենայում շիստյորկայի և հաճախորդի կարգավիճակից բացի այլ կարգավիճակ չի կարող ունենալ, շատ-շատ՝ նոքյարի կարգավիճակ ստանա ու վերջ: Ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնում չեն կարող հարգել այն իշխանությանը, որն իր ձեռքով Արցախ է հանձնել Ադրբեջանին, այն նույն Արցախը, որն ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ: Նմաններին միայն օգտագործում ու ծակ գնդակի նման տշում են:
- Ռուսաստանն ամեն դեպքում տպավորություն է, թե չլսելու է տալիս Փաշինյանի իշխանության մեղադրանքները:
- Չեմ կարող նման բան պնդել, եթե նայենք, թե ինչ հայտարարություններ են անում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն, ապա չէի ասի, թե չլսելու են տալիս: Պատմության մեջ ե՞րբ եք լսել, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի խոսնակը Հայաստանին այդքան քաղաքական ապտակներ հասցնի, որքան հիմա է: Նույն Զախարովայի խոսքը Ռուսաստանի իշխանության խոսքն է, պարզապես այդ ամենից ոչ թե Հայաստանի իշխանությունն է տուժում, այլ տուժում է հայ-ռուսական շահը: Քաղաքականությունն ունի երևացող և չերևացող կողմեր: Մենք պիտի միայն մեր պետության շահերի մասին մտածենք, իսկ այս պահին կա երկու խիստ կարևոր խնդիր՝ Նիկոլից ազատում և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդում:
Հայկ Գևորգյան
hraparak.am