Հարցազրույցներ

ՄԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵՆՔ

30.04.2025

 Հարցազրույց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ

- Մի խումբ հասարակական գործիչների կողմից խորհրդարան ուղարկված՝ իմպիչմենթ նախաձեռնելու դիմումները, Ձեր կարծիքով, ի՞նչ ճակատագրի կարժանանան, «կվախճանվի՞» իմպիչմենթի գործընթացը, ինչպես ՔՊ-ականներն են գուժում, թե՞ ընդդիմությունը նախագիծ կդնի շրջանառության մեջ, փորձ կանի Փաշինյանին հեռացնել։

 

- Ինձ համար շատ պարզ է, որ ՔՊ իշխանությունը փողի, լափի շուրջ հավաքվածների հանցագործ խմբակ է, ամեն մեկը՝ իր հանցակցության մասնաբաժնով եւ իր հանցագործությունների ծանրությամբ, ես 2021 թվականին Ազգային ժողովում էլ, հրապարակային էլ բազում առիթներ եմ ունեցել ասելու, որ իմ միակ արդարացումն այստեղ լինելու, դա իմ միակ ձայնն է` Նիկոլի դեմ ցանկացած գործընթացի մաս կազմելու, հետեւաբար, ես չեմ կարող ներգրավված չլինել այդ գործընթացի մեջ: Այն չափով, ինչ չափով որ կարող եմ լինել, արել եմ եւ փողոցային շարժումների ընթացքում, երբ ոչ մի առաջնորդություն, պատասխանատվություն ստանձնելու մասին չէր, բացի Նիկոլի դեմ պայքարի պատասխանատվությունից: Զրո ամբիցիա ունեինք, զրո պաշտոնի գալու ամբիցիա եւ բազմիցս ենք հայտարարել, որ նպատակը սրան հեռացնելն է։ ՀՀԿ վերջին խորհրդի նիստին էլ, որը նվիրված էր կուսակցության կազմավորման 35-ամյակին, կուսակցության ուղերձում եւս հստակ նշված է, որ առաջնահերթությունը թրքաբարո քաղաքականություն վարողներին հեռացնելն է՝  վերականգնման ճանապարհ անցնելով, կազմակերպելով ՀՀ-ի համար։

 

- Անցյալի պայքարից եկեք գանք մեր օրեր․ այսօր ԱԺ պատգամավորներին առաջարկ է արվել՝ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել, ո՞րն է ձեր խմբակցության պատասխանն այդ առաջարկին, եթե չեմ սխալվում` մասնագիտությամբ իրավաբան եք, պետք է նախաձեռնվի որոշման նախագիծ եւ առաջարկվի մյուսներին՝ միանալ, դուք պատրա՞ստ եք նախաձեռնողի դերում հանդես գալ։

 

- Քանի որ շեշտեցիք, որ մասնագիտությամբ իրավաբան եմ, ուզում եմ ասել՝ այդ նամակները, որ հասցեագրել են պատգամավորներին, դեռեւս իմպիչմենթի գործընթացի մեկնարկի մասին չի խոսում։ Ես չունեմ վարչապետի թեկնածու, նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չունի թեկնածու` այն պարզ պատճառով, որ ՊՈՒ դաշինքը, որպես այդպիսին, գոյություն չունի, այն 2 կուսակցությունները, որոնց համագործակցության արդյունքում ձեւավորվել էր, կուսակցություններից մեկի դուրս գալով, դաշինքը լուծարվել է, եւ միայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջով է, որ ֆրակցիայի անվանումը պահպանվում է։

 

- Ո՞վ ասաց, որ դաշինքի գոյությունը պարտադիր է թեկնածու առաջադրելու համար, ասենք` կարող եք ոչ պատգամավորի, անգամ ոչ կուսակցական մեկին թեկնածու առաջադրել։

 

- Այո, պարտադրանք չկա թեկնածուի հարցում, բայց ես կրկնում եմ, որ չունեմ թեկնածու, սակայն պատրաստ եմ Նիկոլի հանցախմբից եւ Նիկոլից բացի ցանկացածի համար լինել երաշխավորված ձայն, բազմիցս եմ դրա մասին հայտարարել, հիմա էլ նույն կարծիքին եմ։

 

- Իսկ ինչո՞ւ չունեք թեկնածու, կոնսենսուսի խնդի՞ր կա։

 

- Ոչ, պարզապես չունենք թեկնածու։

 

- Արդյո՞ք միայն Սերժ Սարգսյանին եք դիտարկում, որն էլ հայտարարել է, որ բարձր պաշտոնի այլեւս չի հավակնում, ասենք` ի՞նչն է խանգարում, որ հենց Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրեք։

 

- Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը պետական պաշտոն զբաղեցնելու որեւէ ցանկություն եւ հավակնություն չունի, հետեւաբար՝ մեզ մոտ դա չի էլ քննարկվել անգամ 2021 թվականին. «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող ՀՀԿ առաջին համարը չի եղել Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ դաշինքի, հետեւաբար, մեզ համար այս տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ ՊՈԻ-ն չի կարող ունենալ վարչապետի թեկնածու, որովհետեւ դաշինքն իրավական եւ քաղաքական իմաստով գոյություն չունի։ Մենք պատրաստ ենք Նիկոլի դեմ ցանկացած գործընթացի մասնակցել, մեզ համար կապ չունի անուն-ազգանունը։ 

 

- Դուք է՞լ եք կարծում, որ իմպիչմենթը հնարավոր է հաջողել, թե՞ մյուս գործընկերների պես կարեւորում եք փողոցային պայքարի առկայությունը։ Իմաստ ունի՞ այս փուլում նման գործընթաց նախաձեռնել։

 

- Ես իմպիչմենթի գործընթաց նախաձեռնողը չեմ, չեմ էլ եղել նախկինում փողոցային գործընթացների նախաձեռնողը, մարդիկ, ովքեր ասել են, որ տեսնում են այդ ճանապարհով Նիկոլին հեռացնելու, ես գնացել-կանգնել եմ իրենց կողքին՝ առանց լրացուցիչ հարցեր տալու, առանց իմ տեղն այնտեղ ճշտելու։ Ես մշտապես համարել եմ, որ ՔՊ-ի ուսապարկերից ոչ մեկը ո՛չ գիտակցություն ունի, ո՛չ ազգային, մարդկային արժանապատվություն, չեմ կիսում այն գործիչների կարծիքը, որ հույս են հայտնում, թե մի օր ՔՊ-ից որոշները խելքի են գալու եւ օգնելու են՝ այս ամենին վերջ տալ: Ես այն կարծիքին եմ, որ Նիկոլին հեռացնելը բացառիկ հակազդեցության արդյունքում է լինելու, եթե կան Հայաստանում մարդիկ, քաղաքացիներ, միավորներ, անհատներ, ովքեր կարծում են, որ կարող են բացառիկ հակազդեցություն կազմակերպել, ես միայն ուրախ կլինեմ օժանդակելու, աջակցելու։ Ե՛վ Դիմադրության, ե՛ւ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, թե Սրբազան պայքարի ժամանակ մենք այս վարքագծին ու խոսքին ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք օժանդակել, աջակցել, իմ վարքագիծը չի փոխվելու։

 

- Բայց այդպես ո՞նց կլինի, ասում եք՝ կողմ ենք իշխանափոխությանը, բայց ինքներդ չեք նախաձեռնում, հիմա էլ՝ թեկնածու չունեք, միշտ եղել եք աջակցող, ի՞նչն է խանգարում, որ ձեր թիմը` հանուն իշխանափոխության, գործընթաց նախաձեռնի, մանավանդ, որ ձեր աջակիցները պնդում են, թե ամենառեսուրսակիր ուժն եք։

 

- Եթե ունենանք բավարար ներուժ եւ հնարավորություն՝ ինքներս մեր առաջ դրված որոշ հարցերի պատասխանելու, վստահաբար կանենք։ Անընդհատ կրկնում եմ, որ օգնել ենք բոլոր պայքարներին միայն այն նպատակով, որ այժմ շրջանառում են՝ իբր ՀՀԿ-ն է նախաձեռնել իմպիչմենթի գործընթացը եւ այլն։

 

- Այո, անգամ Էդմոն Մարուքյանն է երեկ ասել, որ դա արվում է «Հայաստան» դաշինքին վարկաբեկելու նպատակով, որոնք ասում են, որ քանի դեռ չկա փողոցային պայքար, այդպիսի գործընթաց սկսելն անիմաստ է։

 

- Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարածը, հավանաբար, նորից հատուկ հանձնարարություն է ստացել, ավելի վատ ձեւակերպում կարող էի տալ՝ ասելով, որ դուրս շպրտվածին ո՛չ լսում, ո՛չ էլ մեկնաբանում եմ, իսկ որ Նիկոլի դեմ նախաձեռնվող ցանկացած գործընթաց նիկոլական, նիկոլամերձ շրջանակները փորձում են ընդդիմության դեմ պայքարի վերածել, դա ինձ համար անընդունելի է։

 

- Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հայտարարեց, որ մինչեւ ընտրությունները Փաշինյանին հեռացնելու ծրագիր կա, ինչի՞ մասին էր դա։

 

- Նախագահն ասել է հետեւյալը, որ մենք առանց ծրագրի ոչ մի բան չենք անում։

 

- Այո, ասաց, որ կա ծրագիր, հնարավո՞ր է այն առաջիկայում իրագործեք։

 

- Եթե լրացուցիչ մեկնաբանության կարիք լիներ, կուսակցությունից կանեին։

 

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

 

← Վերադառնալ ցուցակին