Հարցազրույցներ

2026-ԻՆ ՆԻԿՈԼԸ ՍԱՐԻԿԻ ՁԱՅՆԵՐԻՆ ԵՐԱՆԻ Է ՏԱԼՈՒ

01.04.2025

 «Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:

- Փարաքարում ՔՊ-ն ջախ­ջա­խիչ պարտություն կրեց, իսկ Գյումրիում միացյալ ընդդի­մությունն իշխող կուսակ­ցությունից ավելի շատ ձայն հավաքեց: Բայց թե ով կդառնա քաղաքապետ` կախված է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի՝ ընդհանուր հայտարարի գալուց: Ի՞նչ եք կարծում` նրանք կմիավորվե՞ն, ՀՀԿ-ն այս մասով ունի՞ դիրքորոշում, ի վերջո` Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է:

 

- Նախ, պետք է ֆիքսենք, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում: Մի քանի կարեւոր հանգամանք: Գյումրիում Նիկոլի ՔՊ-ն պարտվել է: Գյումրեցիները չեն վստահում Նիկոլ Փաշինյանին եւ մերժում են ՔՊ-ին: Ֆիքսենք ամենակարեւորը` անձամբ Նիկոլ Փաշինյանը չգնաց Գյումրի, իր թիմը գնաց Գյումրի` Ալեն Սիմոնյանով-բանով, հայտարարեցին, որ պայքարում են «նախկինների» դեմ, ասում էին` բոլոր թեկնածուները «նախկինների» կողմից են առաջադրվել, ժողովուրդ ջան, դրանց չպետք է ձայն տաք: Նիկոլի տրամաբանությամբ, գյումրեցին ընտրեց «նախկիններին», այլ ոչ թե իրեն: Եթե այդ տրամաբանությամբ ենք հարցին նայում, ապա Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին: Ամբողջ պետական ռեսուրսը Գյումրիում էր: Սա ոչ թե Սարիկի ընտրությունն էր, այլ` ՔՊ-ի: Սա է գլխավոր մեսիջն այս ընտրության: Հանրապետության երկրորդ քաղաքը մերժում է Նիկոլին, չնայած այն հանգամանքին, որ ողջ ՔՊ-ն Գյումրիում էր: ՔՊ-ի բոլոր աջակիցները, բացի երկուսից, Գյումրիում էին: Իսկ գիտե՞ք, թե ովքեր են այդ երկուսը` Էրդողանն ու Ալիեւը: Դեռեւս ընտրության ժամանակ հստակ ասել եմ, որ ես գյումրեցուն ո՛չ խորհուրդ եմ տալիս, ո՛չ էլ պարտադրում եմ, թե ինչ անել: Գյումրեցին իմաստուն ժողովուրդ է, շատ լավ գիտի, թե ինչ անի: Չի կարելի Երեւանից հորդորել, թե մարզում մարդիկ ինչ անեն: Ես՝ ինքս, մարզի տղա եմ ու շատ լավ գիտեմ, թե դա ինչ է: Մայրաքաղաքից պետք չէ խորհուրդներ տալ: Փառք Աստծո, գյումրեցին ապացուցեց, որ կարող է ճիշտ ընտրություն կատարել:  Կարծում եմ, որ Գյումրին այսօր չպետք է թույլ տա, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: Թե ինչ կանեն, ոնց կանեն, ամեն դեպքում, չպետք է ՔՊ-ին թողնել՝ իշխանություն ձեւավորել ՀՀ երկրորդ քաղաքում, վերջ: Մնացածն արդեն գյումրեցիների ու նրանց քաղաքական ղեկավարների խնդիրն է: ՀՀԿ-ն ո՞նց կարող է կողմ լինել, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը 2018-ից մինչ օրս պայքարում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ:

 

- Բայց եթե ընդդիմադիրները` Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, չմիավորվեն, ի՞նչ կարող են անել գյումրեցիները:

 

- Իմ կարծիքը հետեւյալն է․ չպետք է թույլ տալ, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: Ինչու․ որովհետեւ ժողովուրդը ՔՊ-ին ձայն չի տվել, ձայն տվել են ընդդիմադիր ուժերին:

 

- Ի՞նչ անի ժողովուրդը, ո՞րն է ժողովրդի անելիքը:

 

- Ես չեմ սիրում «եթե»-ներ: Հանրապետականը, ինչպես գիտենք, չի առաջադրել թեկնածու, ընտրությունների վերաբերյալ մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք, հայտարարել ենք, որ ձայնը տան ընդդիմադիրներին, սակայն մենք չունենք թեկնածու:

 

- Ընդդիմադիր շրջանակներից տարբեր տեսակետներ են հնչում: Ըստ որոշ կարծիքների` Մարտուն Գրիգորյանը չպետք է Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կազմի, կան նաեւ կարծիքներ, որ նրանց չմիավորվելն առնվազն դավաճանություն է ժողովրդի հանդեպ….

 

- Միավորում ասելով ի՞նչ եք հասկանում, կոալիցիա՞: Դա հետընտրական խնդիր է, հիմա պետք է այնպես անել, որ ընդդիմության հաղթանակը կապիտալիզացվի, թույլ չտալով ՔՊ-ին՝ իշխանություն վերցնել: Մնացածը տեխնիկական հարցեր են, կբանակցեն, ինչ կանեն, այդ խոսակցություններում ՀՀԿ-ն ներառված չէ: Մենք առաջադրված չենք այնտեղ, չենք կարող ուրիշ կուսակցության փոխարեն ինչ-որ բան որոշել:

 

- Բայց Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, իսկ ֆրակցիայի գերակշռող հատվածը հանրապետականներն են:

 

- Ի՞նչ կապ ունի, թե որ խմբակցությունից է: Բայց ընտրություններին չի առաջադրվել ՀՀԿ-ով: Իմ ընկերն է նա եղել դեռ այն ժամանակ, երբ ես ՀՀԿ պատգամավոր էի, ինքն ընդդիմադիր ԲՀԿ-ից էր, բայց դա չէր խանգարում, որ մենք ընկերներ լինեինք: Չպետք է թույլ տալ, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի Գյումրիում, սա է հարցերի հարցը: Գյումրեցին ՔՊ-ին ձայն չի տվել: Սարիկը ստացել է 36 տոկոս ձայն, քաղաքի 64 տոկոսը մերժել է ՔՊ-ին: Խոսում են՝ ժողովրդավարության բաստիոն, չգիտես ինչ, բայց եթե ՔՊ-ն երես ունենա, այսօր կհայտարարի, որ Գյումրիում իշխանության համար չի պայքարում, քանի որ մեծամասնության կողմից մերժվել է: Բայց չեմ բացառում, որ շուտով ֆոկուսներ են սկսելու անել: Դրա համար եմ արդեն 5-րդ անգամ ընդգծում` կարեւորը ՔՊ-ին իշխանություն չտալն է: Հիմա ասում են` առաջին տեղն ենք գրավել, ի՞նչ կապ ունի, գուցե վաղը 10 տոկոս ձայնով առաջին տեղը գրավես, ի՞նչ կապ ունի, թե որ տեղն ես զբաղեցրել: Ժողովրդի 64 տոկոսը փաստացի մերժում է քեզ: Ամբողջ ռեսուրսով գնացել են Գյումրի ու պարտվել: Հո նոր բան չի՞, սրանք ամեն տեղ էլ պարտվում են, որ մի քիչ երես ունենան, հրաժարական կտան: Վանաձորում պարտվել են, Ալավերդիում պարտվել են, Սյունիքի քաղաքներում պարտվել են, Փարաքարում պարտվել են, Աբովյանում պարտվել են, Բերդում պարտվել են, Մասիսում պարտվել են, Վարդենիսում պարտվել են, հիմա արդեն Գյումրիում են պարտվել, Երեւանում էլ են պարտվել…. կա՛մ Մամիկոն Ասլանյանի օրինակով կալանքի տակ են պահում, կա՛մ այնպես են անում, որ մարդիկ ակտիվ քաղաքականությունից չեզոքանան, ինչպես Սյունիքի քաղաքապետերի դեպքում եղավ:

 

- Մտավախություն կա, որ Երեւանի օրինակը կարող է կրկնվել՝ ինչ-ինչ մախինացիաների օգնությամբ:

 

- Դա խնդիր չէ: Ինձ համար կարեւոր չէ, թե Գյումրիում ընդդիմադիր առաջնորդն ինչպիսի անձ է, ինձ համար էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մուրազը մնաց համապատասխան տեղը: Ասում էին՝ ավելի շատ ձայն են հավաքելու 2026-ին, քան 2021-ին: Ժողովուրդն արթնացել է թմբիրից: Այս հարցը համապետական հարց է, Նիկոլը չի կարողանալու Ալիեւին խոստացած սահմանադրությունը կյանքի կոչել: Ամբողջ մամուլն այն է գրում, թե ով ում հետ կոալիցիա կկազմի, բայց դա էական չէ, էականն այն է, որ Նիկոլը երկու համայնքներում պարտվել է: 2026 թվականին Նիկոլին ոչինչ չի հաջողվելու: Ալիեւն ասում է` սահմանադրություն փոխիր, որ խաղաղության պայմանագիր կնքեմ Հայաստանի հետ, բայց ժողովուրդը դա էլ է մերժելու: Մարդիկ չեն համաձայնելու թրքացմանը: Գյումրու ընտրությունը ես չեմ նայում ՏԻՄ ընտրության կոնտեքստում: Ասում են` Սարիկ Մինասյանը շրջապատ ու հարգանք ունի, այսինքն` անգամ այս ձայները, որ ստացել են, ՔՊ-ինը չէ, Սարիկի ձայներն են: Գյումրեցիները տեսան, որ արեւմտամետները Երեւանում կոալիցիա կազմեցին Նիկոլի հետ, Գյումրիում ձայն չտվեցին: Որովհետեւ Նիկոլի հետ կոալիցիա կազմելը բիծ է: 2026 թվականին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու:

Հայկ Գևորգյան

hraparak.am

 

← Վերադառնալ ցուցակին