Հարցազրույցներ

ՀՀ-ՈՒՄ ՉԿԱ ՄԻ ԱՅՆՊԻՍԻ ՈՒԺ, ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՆԻԿՈԼԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՀԵՌԱՑՆԵԼ, ԵԹԵ ԼԻՆԵԻՆ` ԿԱՆԵԻՆ

25.03.2025

 ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ օրերս Մոսկվա կատարած այցը քաղաքական շրջանակներում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ 

 
Կարծիքներ են հնչում, թե իբր ՀՀԿ-ն փորձում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք սառեցվել էին 2018-ի իշխանափոխությունից առաջ կամ հետո: Ըստ որոշ վերլուծությունների՝ ՀՀԿ-ին Ռուսաստանը չի ներում հատկապես այն, որ առանց դիմադրության իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Սերժ Սարգսյանից դժգոհություններն ավելի վաղ էին ծագել: Տեղեկացանք, որ Շարմազանովն անձնական այցով է ՌԴ մեկնել, հանդիպումներ է ունեցել քաղաքական, հոգեւոր շրջանակների հետ: Զրուցել ենք Էդուարդ Շարմազանովի հետ։
 
- Ձեր մոսկովյան այցն իրարանցում է առաջացրել քաղաքական որոշ շրջանակներում, փորձում են հասկանալ՝ ինչու, ինչպես: Ենթադրում են, որ փորձում եք վերականգնել ՌԴ-ի հետ ձեր հարաբերությունները։
 
- Ես անձնական այցով եմ գնացել ՌԴ, բարեկամս էր մահացել, գնացել եմ թաղման արարողության, բայց, այո, նաեւ քաղաքական հանդիպումներ եմ ունեցել իմ ընկերների հետ։
 
- Հաջողվե՞լ է վերականգնել հարաբերությունները ռուս գործընկերների հետ, որոնք սառեցվել էին․․․
 
- Բայց ՀՀԿ-ն ե՞րբ է իր կապերը խզել, ապրիլին էլ եմ այց ունենալու, մայիսին էլ, կհրապարակեմ` կտեսնեն, որ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել «Եդինայա Ռոսիայի» մեր գործընկերների հետ, փայլուն կապեր։ Այցելել եմ նաեւ հարգարժան Եզրաս սրբազանին՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ։ «Եդինայա Ռոսիայի» ընկերներս, իմանալով, որ այնտեղ եմ, զանգել-հրավիրել են, գնացել ենք աղուհաց ենք կերել, ընկերական, բարեկամական մթնոլորտում քննարկել ենք որոշակի հարցեր, այցն օգտագործել եմ եւ այցելել եմ՝ անմար կրակին եմ ծաղիկ դրել, իսկ եթե ոմանք անհանգստանում են ԵՌ-ի հետ մեր կապերով, պետք չէ անհանգստանալ, մենակ անցած տարվա ընթացքում երեք-չորս այցելություն է եղել, ի՞նչն է զարմանալի։ Ովքեր չգիտեն, ասեմ` ես ԵՌ-ի կողմից կազմակերպված Ռուսաստանի ոչ ֆորմալ բարեկամական խմբի անդամ եմ նաեւ, ոչ միայն ես, այլեւ մեր երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը, վերջերս էլ հանդիպել ենք ՌԴ դեսպանի հետ։ 
 
- Ձեր կիսաքաղաքական-կիսաընկերական այցի ընթացքում ի՞նչ պարզեցիք՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո, երբ ՌԴ-ի դերը տարածաշրջանում կրկին մեծանում է, Հայաստանի ոչ ռուսամետ իշխանություններին կանգնեցնելո՞ւ են ընտրության առջեւ․․․
 
- Հայաստանի իշխանությունները ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների ջատագովներ չեն, այլեւ զրոյացրել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ու դա սկսվել է դեռ Խաչատուրովի ձերբակալությունից, Պուտինին չդիմավորելուց, ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշումներից եւ այլն։ Բայց մե՛նք պետք է քայլեր անենք, ՌԴ-ն չպետք է մեր փոխարեն գործողություններ անի։
 
- Ի դեպ, Դուք խոստանում էիք, որ այս գարունը վերջինն է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։
 
- Ես չէի խոստանում, կանխատեսում էի, եւ չեղավ` դրանից հայ ժողովրդի վիճակը լավացա՞վ։
 
- Բայց դուք ձեզ համարում եք քաղաքական մեծ ռեսուրս ունեցող ուժ, ի՞նչ քայլեր եք արել, որ չեք հաջողել։
 
- Դրա մասին այնքան խոսել ենք, Դիմադրության շարժում է եղել, Սրբազանի շարժում, դե, եթե չի ստացվել` չի ստացվել, դժբախտաբար, այդպիսի շարժումների տապալումը ոչ միայն ընդդիմության տապալումն է լինելու, այլեւ Հայաստանի Հանրապետության։
 
- Բայց դուք «կոնկուրենտ ֆիրմայի» հետ բանավեճի մեջ եք, ասում եք` ամենառեսուրսակիր ուժն ենք, հարցնում եմ՝ ինչո՞ւ ինքներդ չեք նախաձեռնում իշխանափոխությանն ուղղված շարժում։
 
- Կներեք, որ ձեր գործընկերները ձեզ ասեն, որ դուք դեղին մամուլ եք, ու հենց դեղին մամուլը ձեզ նման բան ասի, դուք կասեք` այո, ճի՞շտ եք ասում: ՀՀԿ-ն միշտ պատասխանել է մեղադրանքներին, երբեք չի նախաձեռնել։ Երկրորդը․ ես անձնապես երբեք չեմ մտել անձնական դաշտ, 2018 թվականին էլ եմ ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, հիմա էլ եմ ասում: Առնվազն տարակուսելի ու զարմանալի է, որ ՀՀԿ-ին մերժած, ապրիլի 23-ի միտինգներին շամպայն բացած, Նիկոլին ընտրածները խոսում են, որ մենք ենք բերել, Շարմազանովը երկու անգամ էլ Նիկոլին դեմ է քվեարկել։
 
- Խոսքը ձեր անձի մասին չէ միայն, եւ հետո՝ հարցս հայտնի բանավեճի մասին չէր, չեմ ուզում նորից թեժացնել այդ անպտուղ վեճը, մանավանդ որ դա ոչ մեկին, իմ կարծիքով, օգուտ չի բերում, այլ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պայքարի նախաձեռնություն չեք դրսեւորում` ինքնուրույն։
 
- ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսներով կանգնած է եղել ե՛ւ ՀՓՇ-ի, ե՛ւ դիմադրության շարժման կողքին, ե՛ւ Բագրատ սրբազանի ներկայացուցիչ է եղել, ակնհայտ է եղել դա, դրա վառ ապացույցը մեր ձերբակալություններն են, մենք միշտ եղել ենք առաջնագծում, եւ առնվազն ճիշտ չէ ու բարոյական չէ ՀՀԿ-ին մեղադրել ռեսուրսները խնայելու մեջ։ Միկոյան Սամվելից մինչեւ երիտթեւ մեզ ձերբակալում էին, բա որ ռեսուրս չէինք, ինչո՞ւ էին մեզ ձերբակալում, մեր փոխնախագահը մինչ օրս կալանավորված է։ Պարզապես ՀՀ-ում չկա մի այնպիսի ուժ, որը կկարողանա Նիկոլին միայնակ հեռացնել, եթե լինեին` կանեին, եթե կան` չեն անում, զադերժկան ինչո՞ւմն է:

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին