Հարցազրույցներ

Դեռ 2021-ին ասել եմ, որ Ադրբեջանը կպահանջի Նիկոլից հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին. Շարմազանով

09.03.2025

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, նշել է, որ Հայաստանը փոխանակ քննադատություններին պետք է «ընդունի իր պատասխանատվությունը և հանձնի նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար»: Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի, ըստ էության, հերթական պահանջը խաղաղության պայմանագրի կնքման դիմաց:

– Ես դեռևս չորս տարի առաջ՝ 2021-ի մարտին ասել եմ, որ Փաշինյան-Ալիև տանդեմի սինքրոնացված քայլերի հետևանքով Ադրբեջանը Հայաստանից կպահանջի շատ մեծ չափերի ռազմատուգանք, ինչպես նաև դրա դիմաց գործարք կառաջարկի, որ Նիկոլը Ադրբեջանին հանձնի Արցախյան հերոսամարտի ղեկավարներին: 

Այդ ժամանակ ո՛չ Արցախի շրջափակում կար, ո՛չ Արցախի հայաթափում, բայց ես տեսնում էի այդ զարգացումները, որովհետև Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն բավարարում էր Ադրբեջանից հնչող բոլոր պահանջները: Տեսնում ենք, որ սա շատ հստակ գործողություն է, Ադրբեջանը շատ հստակ ցույց է տալիս իր իրական դեմքը, ու Նիկոլ Փաշինյանի սին հույսերը՝ կնքել խաղաղություն մեկի հետ, որը քո պետությունը համարում է ֆաշիստական, անիրատեսական են: 

Նիկոլ Փաշինյանը մի դեպքում կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, բայց դա չի լինի խաղաղության մասին, դա լինելու է հնազանդեցման, ստրկացման մասին, երբ ոչ միայն Հայաստանի Կառավարությունը, այլ նաև քաղաքացիները հլու-հնազանդ կկատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները: 

Գլխավոր պահանջն այն է, որ կանգնենք ու ի լուր աշխարհի հայտարարենք, ու դա ստանա իրավական տեսք, որ 88-ի շարժումը սխալ է եղել, որ 90 թվականի Հռչակագիրը սխալ է եղել, որ 91 թվականի սեպտեմբերի 21-ը սխալ է եղել, և որ Հայաստանը Ադրբեջանի ֆիլիալն (մասնաճյուղ) է եղել, հիմա Նիկոլը Հայաստանը սարքում է Ադրբեջանի ֆիլիալը: 

Ադրբեջանի այս պահանջն ինձ համար նորություն չէ, հարյուր ագամ ասել եմ դա: Վերջում Նիկոլին էլ են պահանջելու, Նիկոլի կողքիններին էլ, եթե իրենց թվում է՝ պլստալու են, սխալվում են, հերթով, հերթով բոլորին հասնելու է: Նիկոլին էլ ասելու է՝ 44-օրյայի ժամանակ հակաադրբեջանական կոչեր ես արել, հատիկ առ հատիկ պահանջելու է, բա իրենց թվում է՝ ամեն ինչ հանձնելով ուր են հասնելու, բերանդ բացել, ատամներդ ցույց ես տվել, հերթով հաշվելու են, դրա համար միակ ելքը սրա հեռացումն է:

– Ադրբեջանի թիրախում մեր ո՞ր հերոսներն են, Արցախյան ազատամարտի ո՞ր մասնակիցները: 

– Շատ ուշադիր հետևում եմ Բաքվում ընթացող այդ դատավարություն կոչվածին, այնտեղ Ադրբեջանը Հայաստանի չորս լուրջ ղեկավարի անուն է հնչեցնում՝ Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Շատ ավելի հաճախ խոսում է Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռյակի մասին: 

– Մինչև այս պահը իշխանության մակարդակով արձագանք չի եղել այս հայտարարությանը, կարձագանքի՞ իշխանությունը, թե՞ ոչ:

– Այս իշխանությունն իր մեջ երևի արդեն ուրախ է, դրա համար եմ ասում՝ սինքրոնացված են գործում: Արցախի հանձնմանը չարձագանքեցին, հայաթափմանն ասացին՝ մենք չենք խառնվում, Քոչարյանի կամ Սարգսյանի արտահանձնմանը կընդդիմանա՞ն, մատը մատին չտվեցին, որ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի մյուս ղեկավարները Բաքվի բանտում չհայտնվեն, սրան ինչի՛ պետք է արձագանք լինի: Արցախ հանձնողը Քոչարյանին, Սարգսյանին, Մանուկյանին կամ այլ մարդկանց չի՞ հանձնի:

– Հանրությունը չի՞ ընդդիմանա, պարո՛ն Շարմազանով:

– Ա՛յ ցավդ տանեմ, ուզո՞ւմ ես ասեմ, թե ի՛նչ է ասելու հանրությանը. հիշե՛ք, կանգնելու է ու ասի՝ ժողովո՛ւրդ ջան, Ալիևը պահանջ է դրել, ասում է՝ հարյուր միլիարդ դոլար բերեք մեզ տվեք կամ էլ այդ մի քանի հոգուն հանձնեք: Դրանց պատճառով մենք այդքան գումա՞ր վճարենք, այդ կոռուպցիոներները, դրանք մեզ թալանել են, քիչ է՝ մեզ թալանել են, մի հատ էլ դրանց համար վճարե՞նք: Նիկոլին չե՞ք ճանաչում, այդ ցուցակում շատերս կարող ենք լինել, որովհետև մեր կյանքի ու քաղաքական պայքարի նպատակը եղել է Արցախի ինքնորոշման իրավունքին սատար կանգնելը: Նիկոլի վարչապետ մնալու պարագայում ամեն ինչ հնարավոր է: 

– Իրադրության փոփոխության հույս կա՞:

 

– Իհարկե կա, առհասարակ, հուսահատությունը մեղք է: Հույսը, հավատն ու սերը չպետք է մեռնեն, եթե Ռուբեն Վարդանյանի մոտ Բաքվի բանտում հույսը չի մեռնում, մենք իրավունք չունենք հուսահատվելու: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, մենք բազմիցս ասել ենք, չէ՞, որ նա Հայաստանում իրականացնում է Ալիևի դեսպանորդի գործունեությունը, փաստերը դա ցույց են տվել, չէ՞: Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է խոսել Ռուբեն Վարդանյանի դեմ, այս մարդկանց դեմ ինչո՞ւ չի խոսի: 

Որպեսզի Հայաստանում Ալիևի պահանջների իրականացման կծիկը կտրվի, Հայաստանում անհրաժեշտ է նոր՝ ազգային իշխանության ձևավորում, սրա մնալու դեպքում ամեն ինչ հնարավոր է: Բա եթե սա ասում է, որ Արցախը դեռ 91 թվականին Ալմա Աթայով տված էր, դու ընդունում ես, որ 91-ին Արցախն Ադրբեջան է եղել, ուրեմն այն մարդիկ, որոնք կռվել են, սեպարատիստ են, օրենք են խախտել, ուրեմն Տեր-Պետրոսյանից սկսած ով աշխատել է, բոլորը հանցագործ են: Ալիևի հետ սա են ասում, բա դրա համար եմ ասում, որ սինքրոն աշխատում են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին